
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան համագործակցութեամբ 21 Դեկտեմբեր 2018-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի դպրոցում կայացաւ «Պիտի գնանք՝վաղ, թէ ուշ» խորագրով զարգացման խաղ-մրցոյթ, որին մասնակցում էին հինգ թիմեր՝ կազմուած աւագ դպրոցականներից, ուսուցիչներից եւ համայնքի երիտասարդներից։
Միջոցառումը բացեց Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աագեանը, ով ներկաներին ողջունեց Համազգայինի անունից, խօսեց Համազգայինի Արցախի գրասենեակի գործունէութեան մասին, ներկայացրեց խաղ-մրցոյթի նպատակն ու կարեւորութիւնը՝ նշելով, որ խաղի հարցերը գլխաւորապէս վերաբերելու են Հայաստանի Առաջին Հանրապետութեանը, քանզի այս տարի այն տօնում է իր ծննդեան 100-րդ տարեդարձը։ Հ.Աւագեանը կարեւորեց Համազգայինի եւ գիւղական համայնքների կապն ու համագործակցութիւնը՝ նորանոր կրթամշակութային ծրագրերի իրականացման գործում։ Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատուն նաեւ շնորհակալութիւն յայտնեց Արցախի ՄԵՀԶ նախարարութեանը՝ համայնքի դպրոցի համար, որպէս նուէր, հետաքրքիր գրականութիւն տրամադրելու համար։
Խաղ-մրցոյթն անցաւ նախօրոք պատրաստուած յատուկ քարտէսի միջոցով, որում նշուած էին Արեւմտեան Հայաստանի յայտնի քաղաքները։ Ամէն մի ճիշդ պատասխան թոյլ էր տալիս տուեալ թիմին փոքրիկ դրօշակի օգնութեամբ քաղաքից քաղաք անցնել՝ «ազատագրելով» մայր հայրենիքի կորուսեալ քաղաքները։ Այն թիմը, որի դրօշն առաջինը հասաւ Արարատի գագաթին, այն էլ համարուեց յաղթող։ Յաղթող թիմն արժանացաւ նուէրների ու պատուոգրի։ Երկրորդ տեղը կիսուեց երկու թիմերի միջեւ, ովքեր եւս արժանացան պատուոգրերի եւ խրախուսական նուէրների։
Դպրոցի տնօրէն Ա.Գրիգորեանը շնորհակալութիւն յայտնեց Համազգայինին եւ Արցախի երիտասարդական միութեանը՝ հետաքրքիր միջոցառման համար եւ նշեց, որ պատրաստ է համագործակցութեան ու համատեղ նոր ծրագրերի իրականացման։
Միջոցառումը շարունակուեց Վաղուհասի մշակոյթի տանը, որտեղ ժողովրդական ու ազգային-հայրենասիրական երգերով ու պարերով համայնքի բնակիչների համար հանդէս եկաւ Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համոյթը։