
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան աջակցութեամբ լոյս է տեսել «18-33 . արդի հայ արձակ» տասներեք հայ երիտասարդ արձակագիրների պատմուածքների անթոլոքիան:
«18-33» խորագիրը չի նշանակում , թէ այստեղ ընդգրկուած են բոլոր այն արձակագիրները, որոնք 18-33 տարեկան են: Ընտրուել են, ըստ կազմողների կարծիքի, վաղուայ գրականութեան դիմագիծը պայմանաւորող կամ դրան յաւակնող հեղինակները, որոնք ժողովածուում դասաւորուած են ոչ թէ տարիքային, այն է՝ ժամանակագրական կարգով կամ գրական ասպարէզ մտնելու յաջորդականութեամբ, թէպէտ այդ սկզբունքներն էլ տեղ-տեղ կիրառուել են, այլ՝ արդի գրական ընթացքի մէջ իրենց կատարած ու այսօր էլ կատարող դերի կարեւորութեան սկզբունքով: Սա, անշուշտ, սուպիէկտիւ ընկալում է՝ ժողովածուն կազմողների ընթացային դիտարկումների հետ, ինչը, բնականաբար, հետագայում կարող է ենթարկուել ճշգրտումների ու յստակացումների: Դա էլ կախուած է նրանից, թէ երիտասարդ արձակագիրները որքանով կ°իրականացնեն կանխատեսումներն ու սպասելիքները:
Ժողովածուում ընդգրկուել են Հրաչեայ Սարիբեկեանի, Մհեր Բեյլերեանի, Համբարձում Համբարձումեանի, Սեւադա Գրիգորեանի, Յարութ Կբէեանի, Արտաւազդ Եղիազարեանի, Արամ Պաչեանի, Սարգիս Յովսէփեանի, Նառա Վարդանեանի, Աննա Դաւթեանի, Արեգ Ազատեանի, Լիլիթ Կարապետեանի, Մարիամ Սարիեանի պատմուածքները:
Անթոլոքիան կազմել եւ խմբագրել են Լիլիթ Գալստեանն ու Արքմենիկ Նիկողոսեանը: Ինչպէս նշում է Համազգայինի Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան նախագահ Լիլիթ Գալստեանը, հրատարակելով «18-33 . արդի հայ արձակ» ժողովածուն, միութիւնը իր քաջալերանքն ու համերաշխութիւնն է արտայայտում երիտասարդ հայ արձակագիրներին, գնահատում հայ գրականութեան վաղուան ուղղուած նրանց ստեղծագործական որոնումը:
Գրական Թերթ
Երեւան