
«Երկիր».- Փետրուարի 26-ին Նկարիչների միութիւնում տեղի ունեցաւ «Թումանեանի աշխարհը» խորագրով ցուցահանդէսը: Այն կազմակերպուել էր Համազգային հայ կրթական մշակութային միութեան կողմից` հայոց մեծ բանաստեղծի 150-ամեակի առթիւ:
«Ընդամէնը մի քանի օր առաջ միութիւնը ձեր սեղանին դրեց Վարդգէս Ահարոնեանի խմբագրմամբ «Յովհաննէս Թումանեան. մարդը եւ բանաստեղծը» գիրքը: Այսօր ձեզ ենք ներկայացնում Արմէն Վահրամեանի աշխատանքների ցուցահանդէսը»,- նշեց Համազգային հայ կրթական մշակութային միութեան հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցեանը:
Բանասիրական գիտութիւնների թեկնածու Սեպուհ Երիցեանի խօսքով` Լոռի աշխարհի ազնուականների՝ Քալանթարովների գիւղում ծնուած Վահրամեանը իր ստեղծագործութիւնների մէջ միշտ հաւատարիմ է եղել ծննդավայրին: «Ցուցահանդէսում տեսնում ենք ե՛ւ Օձունը, ե՛ւ տարածաշրջանի հետաքրքիր միւս բնակավայրերը, բնութեան այն գողտրիկ անկիւնները, որոնք նկարիչը մեզ է ներկայացնում: Հետաքրքիր վրձին ունի Վահրամեանը, որում մենք տեսնում ենք ոչ միայն ուղղակի բնանկար, այլեւ պատմութեան արձագանգներ եւ դրանց մերօրեայ դրսեւորումները: Մենք այստեղ տեսնում ենք Արմէն Վահրամեանի մասնագիտական վարպետութիւնը, որը հասկանալու համար պէտք է մտածել, որոնել եւ գտնել այն ասելիքը, որը պատմութիւն ունի»,- նշեց նա:
Ըստ նկարիչ Հրանտ Թադեւոսեանի` Վահրամեանը կարողացել է կտաւին փոխանցել զգացականը: «Իսկապէս Արմէնը մարդ է, որ ծնուել է նկարելու համար: Ի՜նչ մեծ երջանկութիւն է, երբ մարդը գիտի, թէ ինչի՛ համար է ապրում»,- ընդգծեց նա:
Արմէն Վահրամեանը շնորհակալութիւն յայտնեց Համազգային հայ կրթական մշակութային միութեանը եւ Նկարիչների միութեանը՝ ցանկութիւն յայտնելով, որ ներկաներն իրեն կը ներկայացնեն իրենց տպաւորութիւնները: