
Հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշէ Չարենցի ծննդեան 125-ամեակի կապակցութեամբ, 15 Մարտին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակում կայացաւ հանդիպում-զրոյց գրականագէտ, գրաքննադատ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Դաւիթ Գասպարեանի հետ:
Ջերմ ու մտերմիկ զրոյց ծաւալուեց հայ մեծ գրողի կեանքի ու գործունէութեան շուրջ: Դաւիթ Գասպարեանը ներկաների հետ կիսուեց Չարենցի կերպարի, անձնական ճակատագրի, կեանքի ճանապարհի, քաղաքական տարբեր դէմքերի հետ նրա ունեցած յարաբերութիւնների եւ այլ հետաքրքիր փաստերի մասին իր ուսումնասիրութիւններով:
Կարեւորելով Եղիշէ Չարենցի դերը հայ ու համաշխարհային գրականութեան անդաստանում՝ Դ. Գասպարեանը նշեց, որ Չարենցի ծննդեան 125-ամեակը մի նոր առիթ է, որ պետական մակարդակով վերջապէս Չարենցին արժանի քայլեր արուեն, այդ առումով նա առանձնացրեց բանաստեղծի գործերի լիակատար ժողովածուի լոյս ընծայման կարեւորութիւնը, որը անձեռակերտ յուշարձան կը լինի գրողի համար:
Ներկաների համար Չարենցը ներկայացուեց ու բացայայտուեց նոր ու ինքնատիպ մօտեցումներով, հետաքրքիր մանրամասնութիւններ հնչեցին նրա պոէմների, նամակների, գրառումների, նրա թողած գրական ժառանգութեան շուրջ:
Հանդիպմանը ներկայ էր նաեւ Երեւանի պետական համալսարանի դասախօս,բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտութեան վաստակաւոր գործիչ Արծրուն Աւագեանը, ով եւս իր խօսքում կարեւորեց մեծ գրողի դերը հայ եւ համաշխարհային գրականութեան ասպարէզում:
Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը շնորհակալութիւն յայտնեց ներկաներին եւ նշեց, որ նման հանդիպումները շարունակական են լինելու: