
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հրատարակութեամբ լոյս է տեսել Նատալիա Թադէոսեանի (1908-1990) «Խառնարան» յուշերի գիրքը:
Այն ներկայացնում է մեր երկրի պատմութեան փոքր, բայց բացառիկ կարեւոր մի շրջան`1917 թ. երկու յեղափոխութիւնները, քաղաքացիական պատերազմը, անկախ Հայաստանի հիմնադրումը, խորհրդային իշխանութեան հաստատումը, Էրիւանի ապստամբութիւնը... Մանկական յիշողութիւններն ու զգացողութիւնները առանձնակի կենդանութիւն, գունեղութիւն եւ անմիջականութիւն են փոխանցում պատմութեանը, նրա առանձին դրուագներին, մանրամասներին ու պատառիկներին:
Պատմական որոշ կերպարներ ներկայանում են կենդանի անմիջականութեամբ, միահիւսւում ժամանակի իրադարձութիւնների բուռն հոսքին: Ընթերցողն ակամայից դառնում է պատմութեան վկան ու զգացական թելերով կապւում ժամանակաշրջանին: Հայոց Ցեղասպանութեան 100 ամեայ տարելիցին հրատարակելով յուշերի այս գիրքը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնն ուղեկցւել է շատ կարեւոր ելակէտով։ «Խառնարանը» մէկ մարդու կեանքի պատառիկ չէ, այն մեր պատմութեան ամենաթանձր ու հակասական շրջանի արձագանգն է։ Շրջան, որն իր չապաքինուող վէրքը հետք թողեց իւրաքանչիւր հայի ճակատագրում։
Գրքի խմբագիրն է Լիլիթ Գալստեանը, թարգմանիչը՝ Աշոտ Գաբրիէլեանը, ձեւաւորել է Զարեհ Շիրվանեանը։