
Հինգշաբթի, 6 Մարտ 2014-ին «Բիւրոկրատ» գրախանութում տեղի ունեցաւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հրատարակութեամբ եւ Գանատահայ տէր եւ տիկին Սիմոն եւ Մարալ Հասրճեանների հովանաւորութեամբ լոյս տեսած գրող եւ թարգմանիչ Վարդան Ֆերեշեթեանի «Գրահաւաքը» ժողովածուի շնորհանդէսը:
Ժողովածուում ներառուած են Վարդան Ֆերեշեթեանի «Ոստան» վիպակը, «Պարականոն» շարքը, պատմուածքներ եւ էսսէներ, տեղ են գտել նաեւ արձակագրի գծանկարները, որպէս ժողովածուի ընդհանուր տրամադրութիւն փոխանցող ուղեկիցներ: Ժողովածուն եզարափակւում է Վաչէ Եփրեմեանի «Մենախօսութիւն աքլորականչից առաջ, երկխօսութիւն աքլորականչից յետոյ» յօդուածով:
Վարդան Ֆերեշեթեանը բացառիկ աշխարհատեսութիւն եւ բացառիկ հորիզոններ ունեցող հեղինակ է, ում մէջ միաձուլուել են հայ եւ համաշխարհային գրականութիւնը։ «Կայ ապրելակերպ, որը քո էութիւնն է, եւ եթե դա քո էութիւնն է, ուրեմն յաջողում ես, եթէ ոչ, ապա չի ստացւում։ Առատագիր չեմ, բայց ներսում անընդհատ գրում եմ, իսկ արդէն գրելիս նոյնիսկ չեմ էլ խմբագրում գրածս, այն ուղղակի գալիս է» - ասում է հեղինակը։
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մեր ժամանակակից գրականութեան զարկերակը շատ բեղուն է, եւ Ֆերեշեթեանը ժամանակակիցների մէջ այն գրողներից է, ով իր ուրոյն գոյնն ունի «Վարդանն այն հեղինակներից է, ով վաղուց է յայտնի ընթերցողներին: Նա բացառիկ խիստ գրող է եւ բացառիկ աշխարհատեսութիւն ունի, որը մեզ` ընթերցողներիս, թոյլ է տալիս բոլոր ժամանակների արձագանգը լսել: Վարդանն ասում է՝ գիրքը փոխակերպութեան տօն է։ Նրա գիրը թանձր է ու խիտ, մի գուցէ դա է պատճառը, որ նա շատագիր չէ։ Բայց ես գերադասում եմ այդ քչագրութիւնը իր խորութեան պատճառով։ Կեանքում լաւ բաները շատ չեն լինում։ Վարդանը այն քիչ, բայց շատ լաւ բաներից է, որը իսկապէս մեզ երանութիւն է պարգեւում»,- ասաց Լիլիթ Գալստեանը։
Բանաստեղծ Յակոբ Մովսէսն էլ նշեց, որ Ֆերեշեթեանին համարում է մեր իրականութեան ամենանուրբ աչքն ունեցող գեղագէտը: «Վարդանը ճենապակու նրբութեամբ, տուշով գրելու ու գրաֆիկա անելու ասպարէզում իրեն հաւասարը չունի»,-ասաց բանաստեղծը:
«Հայ մարդը, եթէ համաշխարհային գրականութեան մեջ է յայտնւում, մոռանում է հայ գրականութիւնը, եթէ հայ գրականութեան մէջ է՝ մոռանում է համաշխարհայինը։ Վարդան Ֆերեշեթեանը այն երջանիկ դէպքերից է, որի մեջ այս երկու երեւոյթները եկել եւ սիրուն միաձուլուել են»,- ասաց նա։
Երիտասարդ գրող Արամ Պաչիանօ էլ իր խօսքում նշեց, որ Վարդան Ֆերեշեթեանի ներկայութիւնը մեր գրականութեան մէջ խորհրդանշական է, որովհետեւ գրականութեան մէջ կարելի է ներկայ լինել միայն գրականութեամբ։ «Իսկ ներկայութիւնը աղմուկով, ցուցամոլութեամբ, քաղաքականութեամբ ինչպէս նաեւ շատ չարչրկուող քաղաքացիութեամբ բնաւ էլ պայմանաւորուած չէ, չնայած շատերը հակառակն են պնդում։
Մեր զանգուածային ժամանակներում, երբ յանկարծ գրողը գեներալ է դառնում կամ օրինակ բերուող ինչ-որ ցուցանակ, կամ գիտահանրամատչելի տեսախցիկ, Վարդան Ֆերեշեթեանի ներկայութիւնը առանց աւելորդ բնորոշումների, որոնք գուցէ կը վնասեն նրա լռութեանը, գրականութեան համար արդէն իսկ իրադարձութիւն է»,- ասաց նա եւ ընթերցեց գրողի ստեղծագործութիւններից մէկը։
Վարդան Ֆերեշեթեանի դաշնամուրային կատարումներով եզրափակուեց գրական այս տօնը:
Համազգայինի Հայաստանի գրասենեակ