
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հրատարակութեամբ լոյս է տեսել արձակագիր, էսսէիստ, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթեանի «Գրահաւաքը» ժողովածուն: Վարդան Ֆերեշեթեանի «Աքլորականչ» գիրքը տպագրուել էր 2010 թուականին եւ գրախանութներում վաղուց չկայ:
«Երբ քիչ գրելուց զատ նաեւ շատ կորցնում ես, միշտ մեծ է այդ կորած բաներին անդրադառնալու գայթակղութիւնը կամ գոնէ նախնական տեսքով վերականգնելու ճիգը, որ յաճախ անհնար է դարձնում Բանը` նոյնիսկ յիշողութեան լռութեան մէջ, որ խօսքի խանձարուրն է, ինչպէս գետնախնձորը` կայծակի… Այն, ինչ անկարելի է թւում յարահոս աղմուկի մէջ, երբեմն ծաղկում է լռութեան խորքում, որտեղ կայ մի տեղ, ուր զգում ես, որ կարելի է խօսել, չխախտելով այն, եւ դրան բառային արտայայտութիւն տալով, որովհետեւ, ինչպէս ասում էր միջնադարեան հեղինակներից մէկը, խօսքը պէտք է լինի ճշմարտութիւն այն մասին, ինչ բովանդակում է լռութիւնը… Ի վերջոյ, զգալու համար, թէ որ եւ ինչ լեզուով է գրում գրողը, նոյնքան, եթէ ոչ առաւել, կարեւոր է զգալ, թէ որ լեզուով է նա լռում, այլապէս հասու չես լինի «կայծակի շարահիւսութեանը»:
«Գրահաւաքը» գրքի մէջ ներառուած են «Ոստան» վիպակը, «Պարականոն» շարքը, պատմուածքներ եւ էսսէներ: Գրքում տեղ են գտել նաեւ արձակագրի ուշագրաւ գծանկարները, որոնք պատմութիւններից առաջ տրամադրութիւն ստեղծող կարեւոր նախակէտեր են: Գիրքը եզարափակւում է Վաչէ Եփրեմեանի «Մենախօսութիւն աքլորականչից առաջ, երկխօսութիւն աքլորականչից յետոյ» յօդուածով, որտեղ նա գրում է.
«Վարդան Ֆերեշեթեանի Աքլորականչի մէջ սահմանւում է իմացաբանական անսկիզբ, անվերջ տեւողութիւն, որի ժամանակային միակ ցուցիչը մշտակայ ներկան է»:
«Ես այստեղ եղել եմ, կամ, քո շնչառութիւնն ու ճկունութիւնն եմ, գուցէ վաղն ինձ ափ նետես, բայց ես կրում եմ ինչ-որ մէկի հայեացքի ուժն ու կարօտը ու չեմ սիրում ձկների աչքերի մէջ մարմրող այս մամռոտ օրերի պաղ արտացոլքը: Թուրինջ կտուրին պրկուած աքլորականչը լուսայգ էր նկարում, լուսայգը` աքլորականչ» (Աքլորականչ, 142-143):
Յառաջիկայ օրերին Համազգայինի Հայաստանի գրասենեակը կը կազմակերպի գրքի շնորհանդէսը: