
«Ապառաժ».- Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի համատեղ նախաձեռնութեամբ Արցախում կեանքի է կոչուել «Լուսաբացից առաջ» ներկայացումը՝ նուիրուած Արցախեան հերոսամարտին:
5 Դեկտեմբեր 2019-ին Ստեփանակերտի երիտասարդութեան պալատում տեղի է ունեցել երիտասարդ արձակագիր Հերմինէ Աւագեանի ‹‹Պատերազմ… աչքեր… ծաղիկներ… ›› գրքի հիման վրայ ստեղծուած ‹‹Լուսաբացից առաջ›› բեմականացման առաջնախաղը:
Միջոցառմանը ներկայ են եղել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ, Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ, գրող Սպարտակ Ղարաբաղցեանը, ՀՀ թատերական գործիչների միութեան նախագահ Յակոբ Ղազանչեանը, պետական այրեր եւ հիւրեր:
Պատերազմում զոհուած իր հրամանատար հօր՝ Արմէն Աւագեանի ծննդեան 50-րդ տարելիցին նուիրուած Հերմինէ Աւագեանի «Պատերազմ… աչքեր… ծաղիկներ… » գիրքը հանդիսատեսի դատին է յանձնուել բեմականացուած՝ արցախեան շարժման եւ պայքարի կենդանի դրուագներով, հայ ժողովրդի հաւաքական կամքն ու նուիրումը մարմնաւորող հրամանատարի կերպարով, Արցախ-Հայաստան-Սփիւռք եռամիասնութեան ամուր թելերով յաղթանակի նուաճումով:
‹‹Լուսաբացից առաջ›› ներկայացումն արցախեան հերոսամարտի, մեր ժողովրդի ապրածի եւ չապրածի, մեր անցեալի եւ ապագայի հերոսապատումը պատկերող ներկայացում է, որի երաժշտութիւնը գրել է անուանի կոմպոզիտոր Վաչէ Շարաֆեանը:
Երիտասարդ արձակագիր Հերմինէ Աւագեանը նշել է, որ ‹‹Լուսաբացից առաջ›› խորագիրն իր մեծ խորհուրդն ունի: Նրա խօսքով՝ ինքը ցանկացել է ներկայացնել մեր բոլորի մանկութիւնը, հարազատ վայրերով անցած պատերազմը, մինչեւ լուսաբաց եւ մինչեւ յաղթանակ մեր հերոսական անցեալն ու յաղթանակը բերող տղաներին:
‹‹Մենք պարտաւոր ենք ամուր գրկել արեամբ ձեռքբերուած մեր խաղաղ լուսաբացները: Թող բոլորի մանկութիւնը միշտ մանուկ մնայ, եւ բոլորի հեքիաթներում երեք խնձոր ընկնի երկնքից››,- յաւելել է հեղինակը:
Ստեփանակերտի Վ. Փափազեանի անուան պետական դրամատիկական թատրոնի գեղարուեստական ղեկավար, ներկայացման բեմադրիչ Ռուզաննա Խաչատրեանի խօսքով՝ ներկայացումն աւելի շատ պատերազմի հետեւանքն ու պատերազմն ապրած մարդու հոգեվիճակն է արտացոլում:
‹‹Մենք լաւ գիտենք, թէ ինչ է պատերազմը եւ խաբելու մտադրութիւն չենք ունեցել: Մեր կարեւոր խնդիրն է եղել ինքներս մեզ եւ ուրիշներին չխաբելն ու հանդիսատեսի հետ անկեղծ լինելը››,- յաւելել է նա:
Ներկայացմանը ներկայ Երուանդ Ղազանչեանի որդի Յակոբ Ղազանչեանը նշել է, որ ներկայացումը մեր անցեալը վերյիշելու եւ վերարժեւորելու եւս մէկ հնարաւորութիւն է: Նրա խօսքով՝ թեման անհրաժեշտ է, դրա հետ մէկտեղ նաեւ՝ բեմ հանելու համար բարդ, քանի որ պատկերում է այն մարդկանց ճակատագրերը, որոնցից շատերն այսօր կենդանի են:
‹‹Լաւ կը լինէր, որ այս ներկայացումը դիտէր ոչ միայն հանդիսականը, այլեւ այն երիտասարդները, ովքեր զինուորական ծառայութեան են անցել Արցախի հողում››,- յաւելել է նա:
Բանաստեղծ Սոկրատ Խանեանի խօսքով՝ ինքն առաջին անգամ ընթերցելով Հերմինէ Աւագեանի գիրքը, իր տպաւորութիւնների մասին անդրադարձել է ‹‹Ապառաժ›› պաշտօնաթերթում, որտեղ ներկայացրել է նոր արձակագրի՝ հայ ժողովրդի ցաւն ու ճիչն ամփոփող մտածողութիւնը՝ գեղարուեստական պատկերներով, այսօր արդէն՝ բեմականացմամբ:
Ներկայացմանը հրաւիրուած են եղել նաեւ ստեղծագործութեան իրական հերոսները:
Երեք օր շարունակ հանդիսատեսը բուռն ծափերով եւ յոտնկայս ընդունել է ներկայացումը: