
Սփիւռքի հեղինակաւոր կազմակերպութիւններից մէկի՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Քաշաթաղի շրջվարչակազմի համագործակցութեամբ Մարտի 22-ից Քաշաթաղի շրջանի հարաւային Կովսական քաղաքում է լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գէորգ Հաճեանը:
Շրջանի հարաւային թեւում է Կովսականը՝ փռուած Ողջի գետի 2 ափերին: Առաջին օրը երգիչը Կովսականի քաղաքապետարանի յարակից հրապարակում հանդէս եկաւ համերգով, որին մասնակից դարձրեց նաեւ տարածքի բնակավայրերի՝ Միջնավանի, Մուշի, Ալաշկերտի եւ այլն երեխաներին: Մինչ համերգն սկսելը զրուցեցի երգչի հետ: Տեղեկացրեց՝ այցը եւ համերգը նուիրուած են Կոմիտասի 150 ամեակին: Մօտ 1 շաբաթ մնալու է Կովսականում եւ կ'աշխատի դպրոցականների, նաեւ տարեցների հետ՝ նրանց ծանօթացնելով Կոմիտասի ստեղծագործութեանը, սովորեցնելու է երգել, եւ Հինգշաբթի՝ Մարտի 28-ին, արդէն համերգով հանդէս կը գայ իր սաների հետ, նրանց կատարումներով: Տեղեկացրեց նաեւ՝ մի քանի անգամ եղել է Կովսականում, նշեց՝ իր ծննդավայր Այնճարն ու Կովսականը քոյր քաղաքներ են. 2018-ի Սեպտեմբերի 1-ին ներկայ է եղել Այնճարի քաղաքապետ Վարդգէս Խօշեանի այցին Կովսական, մասնակցել են դպրոցականների առաջին զանգի արարողութեանը: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի (ՄԵՀ) բաժնի վարիչ Յարութ Աւանէսեանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց երգչին: Գ. Հաճեանը դիմելով ներկաներին, որոնց մեծ մասը երեխաներ էին, նշեց իր այցի նպատակը եւ յոյս յայտնեց՝ Մարտի 28-ին Կոմիտասին նուիրուած մեծ համերգ է լինելու Կովսականում: Խօսեց Կոմիտաս-մեծութեան մասին: Հայ ժողովրդի մեծ զաւակը կարողացել է մաքրել ու անաղարտ պահել հայ երգը: «Հայրենի հողը պահող զինուոր է նաեւ Կոմիտասն իր երգերով, բանաստեղծութիւններով, -ասաց երգիչը՝ յաւելելով,- Կոմիտաս վարդապետը Հայաստան է, մեր տոկունութիւնը»: Առաջին կատարումը Կոմիտասի վերջին ստեղծագործութիւնն էր՝ «Աղօթք մանկան շուրթերով» երգ-աղօթքը: Սկզբում Գ. Հաճեանն ասմունքեց, սովորեցրեց երեխաներին աղօթքը, եւ հրապարակում տեղադրուած խաչքարի մօտ միասնաբար հնչեցրեցին երգը:
Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շընորհ,
Լիուլի, ամէն օր.
Հայր մեր,
Կեանք տուր մեր մայրիկին,
Կեանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահէ քո Աջով,
Մեզ օրհնէ սուրբ Խաչով,
Հայր մեր,
Դու պահապան մեր:
Յաջորդը «Գովական» երգն էր.
«Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ,
Քո գովական խելքիդ մեռնեմ…»:
Կարեւորեց աշխատանքային երգերը, որոնք Կոմիտասը պեղում էր՝ շրջելով հայոց գիւղերում, լսելով ժողովրդից եւ բիւրեղացնում էր՝ դարձնելով մշակոյթի գլուխգործոց: «Հորովել» երգը կատարեց մեծ ոգեւորութեամբ՝ երեխաներին բացատրելով տողերի իմաստները: «Կռունկ» կարօտի երգը նոյնպէս հնչեց բացատրութիւններով: Երգչի ծննդավայր Այնճարը Մեծ եղեռնից մազապուրծ եղած մուսալեռցիների երկրորդ հայրենիքը դարձաւ եւ Լիբանանում միակ հայկական գիւղն է: Նշուած 4 երգերը, ըստ Գ. Հաճեանի, Մարտի 28-ին հնչելու են աշակերտների կողմից: Այնուհետեւ երգիչը հանդէս եկաւ ազգային-հայրենասիրական երգերի կատարումով: Երգերին զուգահեռ պարային կատարումներով հանդէս եկաւ Կովսականի «Թաթուլ» ազգագրական երգի պարի համոյթը՝ պարուսոյց Կարէն Մարտիրոսեանի ղեկավարութեամբ: Մօտ 2 ժամ տեւեց համերգ-դասընթացը, եւ երեխաները սիրով մասնակիցն ու հանդիսատեսը եղան: Համերգից յետոյ Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարեանի եւ Թաթուլ Կրպէեանի անուան միջնակարգ դպրոցի տնօրէն Սերոբ Քարամեանի հետ որոշեցին դասընթացներն անցկացնել դպրոցում: Գէորգ Հաճեանը համերգներով եւ առանձին ելոյթներով եղել է Աւստրալիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Քուէյթում, Վրաստանում եւ այլ երկրներում: Ունի 5 ձայնասկաւառակ` «Կոմիտասեան երախայրիք»-ը, «Զքեզ օրհնեմք», «Հայաստանը երգերում», «Կոմիտասեան Հայաստան», «Ղօղանջ անկախութեան»: Հաւատացած եմ՝ Մարտի 28-ին Կովսականի եւ յարակից բնակավայրերի շատ երեխաներ կ'երգեն Կոմիտասի գործերից:
Զոհրաբ Ըռքոյեան
Լրագրող, Քաշաթաղ