
Ուրբաթ, 2 Յուլիս 2021-ին, Եղիշէ Չարենցի անուան Գրականութեան եւ արուեստի թանգարանում կայացաւ հադրութցի բանաստեղծ Վիտալի Պետրոսեանի «Պատերազմի դուռը» գրքի շնորհանդէսը: Բանաստեղծութիւնների ժողովածուն իր մէջ ներառում է ստեղծագործութիւններ պատերազմի օրերի, դրանից առաջ եղած իրադարձութիւնների, դէպքերի մասին։ Այն լոյս է տեսել Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան Արցախի եւ կենտրոնական գրասենեակների օժանդակութեամբ։
«Գիրքը 250 տպաքանակ ունի, տպագրութեան օժանդակել են Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան Արցախի եւ կենտրոնական գրասենեակները։ Երբ ունենք տասնեակ հազարաւոր անօթեւան մարդիկ, մեր տղաները Բաքուի բերդերում են, 5000 զոհ ունենք, հազարովր վիրաւորներ, իսկ Հայաստանի քաղաքական դաշտում շարունակում են բանջարեղէն վաճառել, երբ ունենք պառակտուած եւ ռասսաների բաժանուած հասարակութիւն, աւելի է կարեւորւում գրականութեան եւ արուեստի դերը»,-իր ելոյթում, ըստ Yerkir.am-ի, նշեց «Պատերազմի դուռը» գրքի հեղինակ Վիտալի Պետրոսեանը։
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանի խօսքով՝ բանաստեղծի ժողովածուները միութեան միջոցով տարածուել են նաեւ սփիւռքում, տպագրուել սփիւռքահայ մամուլում։