
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան եւ Երեւանի Պետական Համալսարանի միասնական ջանքերով երկու ամիս առաջ անցկացուել էր սփիւռքահայ նշանաւոր գրող Համաստեղին նուիրուած գիտաժողով:
Յունիսի 19-ին Երեւանի Պետական Համալսարանի բանասիրութեան ֆակուլտետում տեղի ունեցաւ միջոցառում, որի ընթացքում մէկ անգամ եւս յարգանքի տուրք մատուցուեց մեր մշակոյթի երկու մեծանուն մտաւորականների` Համաստեղին եւ Յակոբ Կարապենցին:Սփիւռքահայ գրողներ, որոնց կեանքի ուղին եղել է սեփական ինքնութեան, կարօտի, սեփական արմատների որոնման երկարատեւ տառապանքների ճանապարհը: Նրանք ապրել են հայրենիքից հեռու, բայց միշտ իրենց մէջ ունեցել են պաշտելի հայրենիքի կարօտը:
Միջոցառումը երկու հրաշալի առիթ ունէր. առաջինը շնորհանդէսն էր Համաստեղին նուիրուած գիտաժողովի զեկոյցների, եւ երկրորդը` Յակոբ Կարապենցի անուան կրթաթոշակների յանձնումը:
Յ. Կարապենց այսօր մեզ հետ չէ, սակայն նա մեզ հետ է իր գրականութեամբ, իր ժառանգութեամբ: Մահից առաջ նա փոքրիկ գումար էր յատկացրել իր անուան հիմնադրամին այն նպատակով, որ խրախուսուեն երիտասարդ գրողները, երիտասարդները, ովքեր գրականութեան մէջ առաջին քայլերն են անում եւ գրականութեան մէջ հետագիծ թողնելու խոստում ունեն,- տեղեկացրեց Համազգայինի Հայաստանեան գրասենեակի տնօրէն Լիլիթ Գալստեանը:
Յ. Կարապենցի կրթաթոշակին արժանացան տարբեր համալսարաններում սովորող քսան երիտասարդներ:
Համաստեղի ստեղծագործական արժէքները նոր են Հայաստանում ձեւաւորուում: Մենք ունենք տաղանդաւոր գրականագէտներ, որոնց համար Համաստեղն արդէն ուղենիշ է, եւ ուրախ եմ, որ Համազգային Մշակութային Կենտրոնը նախաձեռնեց գիտաժողով` նուիրուած Համաստեղին: Այսօր եւրոպական չափանիշներով հանդիսութեան շնորհանդէս էր, գրքի լոյս ընծայումը պատիւ է բերում մեզ: Գրքի արժէքը առաջին հերթին մեր զեկոյցներն են, մեր մօտեցումները,- ասաց Սփիւռք Կենտրոնի նախագահ, գրականագէտ Սուրէն Դանիէլեանը:
Տաթեւիկ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ