
2014-ի Յուլիսի 6-ին Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ Համազգայինի Սիտնիի «Նայիրի» եւ Մոնրէալի «Անի» պարախմբերի միացեալ համերգը:
Համազգայինի «Նայիրի» պարախումբը հիմնադրուել է 1992-ին, Սիտնիում: Անսամպլի տարբեր տարիքային խմբերում ընդգրկուած են 90 պարման-պարմանուհիներ: Պարախմբի գեղարուեստական ղեկավարն է Ասատուր Հաճեանը, ով նաեւ պարախմբի աւագ խմբի պարուսոյցն է, իսկ կրտսեր խմբերի պարուսոյցներն են Լենա Հայրապետեանը եւ Սոնա Խաչատրեանը:
Համազգայինի «Անի» պարախումբը ներկայացնում է Մոնրէալի «Սանահին» մասնաճիւղը։ Անսամպլի գեղարուեստական ղեկավարն ու
պարուսոյցը Էւա Հայրապետեանն է:
«Նաիրի» եւ «Անի» պարախմբերը հայ ժողովրդական ու ազգագրական պարի մի հրաշալի տօն նուիրեցին հանդիսատեսին։ Իսկ Պարոնեանի թատրոնի լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսի, մշակութային, հասարակական-քաղաքական գործիչների կողքին էին նաեւ ՀՀ Զինուած ուժերի մայրաքաղաքային գնդի զինուորները։
Համերգի առաջին մասում պարախմբերը հանդիսատեսին ներկայացան՝ Արամ Խաչատրեանի, Կոմիտասի, Խաչատուր Աւետիսեանի, Սայաթ-Նովայի, Արա Գէորգեանի եւ այլ հեղինակների ստեղծագործութիւնների վրայ բեմադրուած կատարումներով։
Ծրագրի երկրորդ մասում Սիտնիի «Նայիրի» պարախումբը ներկայացրեց Ասատուր Հաճեանի բեմադրութեամբ Հայոց ազգային բանակին նուիրուած պարեր:
Մենահամերգի աւարտին «Նայիրի» եւ «Անի» պարախմբերին, հանդիսատեսին ուղղուած ողջոյնի խօսքում Համազգային հայ կրթական մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեանը շնորհակալութիւն յայտնեց Համազգայինի վարչութիւններին եւ բարերարներին, ովքեր իրենց նպաստն էին ունեցել պարախմբերի Հայրենիք այցելութեան եւ փառատօնին մասնակցութեան գործում: Նա մասնաւորապէս գնահատեց Հայրենիքի զօրութեամբ սնուելու սփիւռքահայ երիտասարդների համոզումը, կարեւորեց Հայաստան Սփիւռք հոգևոր մշակութային կապերի սերտացման անհրաժեշտութիւնը:
Այնուհետեւ պարախմբերին ողջունեց ՀՀ Սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը: «Պարարուեստը եւ երգարուեստը ազգային ինքնութեան գաղտնիքներն են պարունակում իրենց մէջ: «Նաիրի» եւ «Անի» պարախմբերը հրաշալիօրէն ներդաշնակեցնում են երգն ու պարը՝ իրենց ելոյթներով հայկականութիւն տարածելով նաեւ Հայրենիքում»,- նշեց նախարարի տեղակալը:
Սիտնիի «Նաիրի» պարախմբի գեղարուեստական ղեկավար Ասատուր Հաճեանը երկարատեւ գործունէութեան ու վաստակի համար ՀՀ մշակոյթի նախարարութեան կողմից պարգեւատրուեց «Գրիգոր Նարեկացի» յուշամետալով:
ՀՀ Զինուած Ուժերի մայրաքաղաքային գնդի հրամանատար Համլետ Սեւոյեանի կողմից բանակ-հասարակութիւն կապը ամրապնդելու եւ հաստատուն պահելու համար պարախմբերին յանձնուեցին պատուոյ գիրեր:
Մենահամերգի աւարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Վարդան աբեղայ Նաւասարդեանն, ով 6 տարի հոգեւոր ծառայութիւն է մատուցել Աւստրալիայում, իր օրհնանքի խօսքը յղեց ծրագրի մասնակիցներին՝ նշելով, որ մշակոյթի միջոցով է այն արձանագրում է իր յաղթանակները եւ զօրացնում է պահանջատիրութեան ոգին: «Սփիւռքահայ այս պատանիներն են, որ շենացնում են հայ գաղութը եւ Հայաստան են կերտում այնտեղ, որտեղ ապրում են»:
Մենահամերգը եզրափակուեց պարախմբերի եւ մայրաքաղաքային գնդի զինուորների համատեղ պարային ելոյթով:
Հուրի Պաղտասարեան