
Հանդիպում ՀՀ վաստակաւոր արտիստ Դաւիթ Յակոբեանի հետ
Համազգայինի Հայաստանի գրասենեակի մտաւորականների ակումբի հերթական հիւրը ՀՀ վաստակաւոր արտիստ Դաւիթ Յակոբեանն էր:
Նոյեմբերի վերջին ուրբաթ օրը, Համազգայինի Հայաստանի գրասենեակում էին հաւաքուել մայրաքաղաքի մի շարք տարբեր համալսարաններ, ինչպէս նաեւ երիտասարդական միութիւններ ներկայացնող երիտասարդներ` հանդիպելու սիրուած դերասանի, Կամերային երաժշտական թատրոնի գեղարուեստական ղեկավար Դաւիթ Յակոբեանի հետ:
«Երիտասարդութիւն, թատրոն, մշակութային արժէքներ» խորագրի ներքոյ էր զարգանում զրոյցի, քննարկուող հարցերի շրջանակը: Սիրուած դերասանին ու բեմադրիչին, երիտասարդներին ներկայացրեց Համազգային հիմնադրամի նախագահ՝ Լիլիթ Գալստեանը՝ համառօտ խօսելով Դաւիթ Յակոբեանի ստեղծագործական ուղու մասին, ներկայ գործունէութեան մասին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Համազգայինի Կեդրոնական Վարչութեան անդամ Եդուարդ Մսըրլեանը:
Նախ օրուան հիւրը ներկայացրեց ժամանակակից հայ մշակոյթի, նրա ներկայ դրսեւորումների մասին իր մօտեցումներն ու գնահատականները: Ազգային արժէքներ, իսկակական մշակոյթ, շոու բիզնես, եթերային քաղաքականութիւն© սրանք էին այն հիմնական թեմաները, որոնք հետաքրքրում էին երիտասարդներին ու փորձում էին հիւրի հետ քննարկել, հասկանալ ու համեմատել իրենց պատկերացումների հետ: Զրոյցն իրապէս հետաքրքիր էր ու ճանաչողական, հարցերը՝ զանազան© ի՞նչ յաճախականութեամբ են մեր երիտասարդները յաճախում թատրոն, կարդու՞մ են արդեօք գրականութիւն, ինչո՞վ են զբաղուում ազատ ժամանակ, ի՞նչ հաղորդումներ են դիտում, ի՞նչ երաժշտութիւն են լսում, դիտում են առհասարակ սերիալներ, ինչո՞վ են լցնում իրենց երեկոները, ի՞նչն են նախընտրում` ընթերցանութի՞ւնը, թէ ժամանցը: Երիտասարդներն արտայայտեցին նաեւ իրենց մտահոգութիւնը մի շարք երեւոյթների հանդէպ, դժգոհեցին հեռուստատեսութեամբ մատուցուող ցածրորակ հաղորդումներից, մշակոյթի հանդէպ պետական մարմինների անտարբերութիւնից: Փորձեցին տարանջատել որակեալ եւ անորակ մշակոյթը:
Հանդիպումը ջերմ էր, անկեղծ ու անմիջական:
Համազգայինի Հայաստանեան գրասենեակի պատասխանատուները մէկ անգամ եւս հաւաստացրեցին ակումբի մասնակիցներին, որ կը շարունակեն մշակոյթի անուանի գործիչների հետ հետաքրքիր հանդիպումների աւանդոյթը: