
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան 95-ամեակի կապակցութեամբ շարունակւում են յոբելեանական միջոցառումները։
Աւետիք Իսահակեանի անուան կենտրոնական գրադարանում 13 Սեպտեմբեր 2023-ին կայացաւ Համազգայինի վերջին հրատարակութիւնների շնորհանդէսը։ Ընթերցողի դատին յանձնուեց չորս ժողովածուներ։ «Soaring words» ժողովածոն հրատարակուել է Համազգայինի Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ ներկայացնում է արցախցի ութ արձակագիրների պատմուածքներն անգլերէն թարգմանութեամբ (խմբագիր,թարգմանիչ՝ Արեւիկ Գաբրիէլեան)։ «Ձայն արցախական», «Ձայն հիւսիսային», «Ձայն քերթողական» գրքերը հրատարակուել են Համազգայինի Նիւ Եորքի մասնաճիւղի եւ դոկտոր-պրոֆեսոր, բեմադրիչ, թատերագիր Հրանտ Մարգարեանի անմիջական նախաձեռնութեամբ։
Գրքերը լոյս են տեսել «Արմաւ» հրատարակչութիւնում։
Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը։
Հրատարակուած գրքերի եւ Համազգայինի 95-ամեակի կապակցութեամբ ողջոյնի խօսք ասաց Համազգայինի կենտրոնական վարչութեան ատենապետ Զաքար Քեշիշեանը։ Այնուհետեւ ելոյթ ունեցան Համազգայինի ԿՎ անդամ Արտաշէս Շահբազեանը, ՀՀ ԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնեանը, գրականագէտ, «Արմաւ» հրատարակչութեան գլխաւոր խմբագիր Արմէն Աւանէսեանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկեանը, բանաստեղծ Դաւիթ Մշեցին, երիտասարդ գրող Հայկ Սիրունեանը։
Շնորհանդէսին տեսաուղերձով ներկաներին ողջունեց դոկտոր Հրանտ Մարգարեանը, Արցախի Գրողների միութեան նախագահ, Նորեկ Գասպարեանը եւ արցախցի գրականագէտ, «Ձայն արցախական» գրքի կազմխորհրդի անդամ Ամալիա Գրիգորեանը։ Դոկտոր Հրանտ Մարգարեանն իր խօսքում անդրադարձաւ հրատարակութիւնների լոյս ընծայմանը եւ նշեց, որ շարքը շարունակական է լինելու։
Իր հայրենաշունչ երգերով արցախցի երգիչ Արթուր Խաչենցը ներկաներին երգի թեւերով հասցրեց շրջափակուած Արցախ, ուր 120000 մեր հայրենակիցներ ամիսներ ի վեր գոյապայքարի մեջ են։
Վերոնշեալ գրքերից հատուածներ ընթերցեց ասմունքող Հռիփսիմէ Սարգսեանը։
Միջոցառման աւարտին Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հ. Աւագեանը «Soaring words» գրքում ընդգրկուած արցախցի արձակագիրների անունից շնորհակալութիւն յայտնեց գրքի թարգմանիչ ու խմբագիր Արեւիկ Գաբրիէլեանին ու որպէս խորհրդանշական նուէր՝ նրան նուիրեց մինչեւ 44-օրեայ պատերազմը Շուշիի գորգագործարանում գործուած «Մենք ենք մեր սարերը» յուշագորգը։