
«Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետև դու նա ես, ում խաղաղութեան համար զոհւում են առանց կասկածելու, որովհետև դու նա ես, ում համար կռուի են ելնում առանց հրամանի… » Յովհաննէս Գրիգորեան
7 Հոկտեմբեր 2016-ին Համազգայինի Հայաստանի գրասենեակի Երիտասարդ մտաւորականների ակումբի շրջանակներում կազմակերպուեց «Հայրերի հող» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի մրցոյթի երկու փուլերը յաջողությամբ անցած երիտասարդ սցենարիստ և ռեժիսոր Շողեր Պետրոսեանի «Հայրերի հող» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրութիւնը:
Ցուցադրութեանը ներկայ էին Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամներ Կարօ Պայթարեանը, Սպարտակ Ղարաբաղցեանը, «Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինեանը, Համազգայինի մտաւորականների ակումբի անդամներ, հիւրեր և ուսանողներ Հայաստանից և Սփիւռքից: Կինոնախագիծն իրականացուել է Համազգային հայ կրթական և մշակութային միութեան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կողմից յայտարարուած «Հայրերի հող» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի մրցոյթի շրջանականերում: Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակին նուիրուած նախաձեռնութիւնը նպատակ ունէր խթանելու անկախութեան սերնդի կինոգործիչների գաղափարների արտացոլմանը և աջակցելու նրանց ստեղծագործական մտայղացումների իրագործմանը:
Ֆիլմը սահմանամերձ բնակավայրում ապրող երեխայի պատմութիւնն է, նրա ողբերգութիւնը: Հեղինակը մանկան աչքերով ներկայացնում է առօրեական դարձած պատերազմական իրավիճակը, ուր մէկ փամփուշտը կարող է ի չիք դարձնել մանկան նուիրական երազանքները, խորապէս խարխլել նրա նուրբ ներաշխարհը:
Ֆիլմի ցուցադրութիւնից առաջ ելոյթ ունեցաւ Համազգայինի Հայաստանի գրասենեակի տնօրէն Նարէ Միքայէլեանը, ով ներկայացրեց մրցոյթի մտայղացման և իրականացման մանրամասները: Նա մասնաւորապէս նշեց. «Համազգայինի այս կարևոր նախաձեռնութիւնը նպատակ ունէր բացայայտելու նոր անուններ հայկական կինոարուեստում և աջակցելու երիտասարդ, շնորհալի կինոգործիչներին: Սա մի համարձակ փորձ էր, որը պէտք է շարունակական դառնայ»:
Կինոդիտումից յետոյ կատարուած աշխատանքի մասին խօսեց ֆիլմի հեղինակը, հնչեցին բազմաթիւ հարցեր, ծաւալուեց ակտիւ քննարկում: Ներկաները ողջունեցին Համազգայինի այս կարևոր նախաձեռնութիւնը և յոյս յայտնեցին, որ այն կը շարունակուի նոր նախագծերով: