
Համազգայինի Հայաստանի գրասենեակի մտաւորականների ակումբի հերթական հիւրը երաժիշտ Վահան Արծրունին էր։
26 Փետրուարին, Համազգայինի Հայաստանի գրասենակում էին հաւաքուել մայրաքաղաքի մի շարք տարբեր համալսարաններ, ինչպէս նաեւ Հ.Յ.Դ. «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը ներկայացնող երիտասարդներ` հանդիպելու շատ սպասուած եւ սիրուած երաժիշտ Վահան Արծրունու հետ։
Օրուան հիւրին ներկայացրեց Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեանը:
Վահան Արծրունին ժամանակակից երգարուեստի այն ներկայացուցիչներից է, որը հաւատարիմ մնալով հայ երաժշտական աւանդոյթներին, համադրում է ազգային, ակադեմիկ եւ ռոք երաժշտութեան արտայայտչամիջոցները, հաստատում մշակութային արժէքների սեփական համակարգը: Հանդէս է գալիս տարբեր համերգային ծրագրերով, ներկայացնելով իր ստեղծագործութիւնները` գրուած ռոք խմբի, կամերային նուագախմբի, երգչախմբի եւ սիմֆոնիկ նուագախմբի համար:
Զրոյցն ընթացաւ Կոմիտասեան, հոգեւոր, պրոգրեսիւ եւ այլ երաժշտական ժանրերի շուրջ: Երիտասարդների հարցերը բազմազան ու բազմաժանր էին։ Նրանք իրենց դժգոհութիւնն արտայայտեցին հայկական շոու-բիզնեսում կատարուող անորակութեան եւ բարձիթողի վիճակի մասին: Սիրուած Երաժիշտը պատասխանեց երիտասարդներին յուզող հարցերին եւ յորդորեց լսել որակեալ եւ բարձրաճաշակ երաժշտութիւն:
Ակումբի մասնակիցներին յատկապէս ոգեւորեցին Վահան Արծրունու հեղինակային կատարումները: Փորձեցին տարանջատել որակեալ եւ անորակ մշակոյթը: Հանդիպումը ջերմ էր, անկեղծ ու անմիջական:
Իսկ Համազգայինի Հայաստանեան գրասենեակի ակումբային հաւաքները շարունակելի են…
Ս.Դ