
«Ապառաժ».- Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի ու Արցախի գրողների միութեան նախաձեռնութեամբ Յունիսի 25-ին, սփիւռքահայ գրող, գիտնական, թատերագէտ, հասարակական գործիչ Հրանդ Մարգարեանը հիւրընկալուել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում՝ Արցախում եւս նշելու ծննդեան 80 եւ ստեղծագործական կեանքի 65-ամեայ յոբելեանները:
26 թատերախաղերի հեղինակի եւ 50-ից աւելի դերերի խաղացող Հրանդ Մարգարեանի յոբելեաններին նուիրուած գրական ցերեկոյթին ներկայ էին ԱՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը, ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան փոխնախարար Մելանիա Բալայեանը, ՀՅԴ ԿԿ անդամ Վահագն Դադայեանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը, բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, Արցախի գրողների միութեան նախագահ Վարդան Յակոբեանը, բանաստեղծ, գրականագէտ, հրապարակախօս եւ բանասիրական գիտութիւնների դոկտոր Սոկրատ Խանեանը եւ համալսարանի ուսանողներ:
Բացման խօսքով հանդէս է եկել Վարդան Յակոբեանը, որը ողջունել է ներկաներին եւ արժեւորել Հրանդ Մարգարեանի անցած ճանապարհն ու գրական, թատերական ժառանգութիւնը: