
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հրատարակութեամբ լոյս է տեսել «Ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրներ» ժողովածուն.
Համազգային մշակութային միութեան հրատարակութեամբ լոյս է տեսել «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ժողովածուն, որը ներառում է 2013թ. Ապրիլի 5-ին եւ 6-ին ԵՊՀ-ում եւ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցած գիտաժողովի նիւթերը։
Երկօրեայ գիտաժողովը, որը նախաձեռնել էին «Համազգայինը», ԵՊՀ-ն ու Գրողների Միութիւնը, նպատակ ունէր համակողմանիօրէն, գրականագիտական արդիական չափանիշներով արժեւորելու հայ արձակը, անդրադառնալու նրա հիմնախնդիրներին, զարգացման միտումներին ու հեռանկարներին։
Ժողովածուն ամփոփում է Հայաստանը եւ Սփիւռքը ներկայացնող քսան գրաքննադատների՝ Անուշ Աբելեանի, Արքմենիկ Նիկողոսեանի, Հայկ Համբարձումեանի, Դիանա Համբարձումեանի, Լեւոն Մութաֆեանի, Վահրամ Դանիէլեանի, Ալիս Յովհաննիսեանի, Ալվարդ Սեմիրջեան-Բեքմեզեանի, Իշխան Չիֆթճեանի (Գերմանիա), Անի Փաշայեանի, Արմէն Աւանեսեանի, Կարինէ Յարութիւնեանի, Սաթենիկ Աւետիսեանի, Սուրէն Դանիէլեանի, Սիրանուշ Դվոյեանի, Թադէոս Խաչատրեանի, Անահիտ Յակոբեանի, Յակոբ Պալեանի (Ֆրանսիա), Անի Փաշայեանի, Ժենիա Քալանթարեանի ուսումնասիրութիւնները, որոնք անդրադառնում են ժամանակակից հայ արձակի քննադատութեանը, դրա հերոսներին, վտանգուած ինքնութեան հիմնախնդիրներին, յետ անկախացման շրջանի հայ արձակի որոշ ֆենոմենների, համակողմանիօրէն վերլուծում Աղասի Այվազեանի, Նորայր Ադալեանի, Գուրգէն Խանջեանի, Լեւոն Խեչոյեանի արձակը, անդրադառնում նաեւ սփիւռքահայ արձակի խնդիրներին եւ փիլիսոփայական ուղղութիւններին։ Այս քսան զեկոյցներն, անշուշտ, մերօրեայ հայ արձակի ողջ պատկերն ու նրա գրականագիտական համընդգրկուն քննութիւնը ներկայացնելու յաւակնութիւն չունեն, բայց վստահաբար, անդրադառնում են նորագոյն շրջանի հայ արձակի ընթացքին, նրա գեղարուեստական ու բովանդակային հարցադրումներին, ներժանրային առանձնայատկութիւններին ու բազմազանութեանը եւ առհասարակ, նրա գեղարուեստական ձեւի փնտռտուքին ու որոնումներին։
Ժողովածուն կազմել եւ խմբագրել է Լիլիթ Գալստեանը, տպագրուել է «Անտարես» հրատարակչութիւնում:
Վստահաբար, ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրների քննութիւնը ներկայացնող այս գիրքն արժէքաւոր է ոչ միայն բանասիրական ամենալայն շրջանակների համար, այլ նաեւ հայ գրականութեան ընթացքով հետաքրքրուած ընթերցողների:
16 Դեկտեմբեր, 2013