
ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Արի Տուն» ծրագրի շրջանակներում Հայաստանում էին Մարսէյի Ճեմարանի 22 աշակերտներ:
29 Հոկտեմբերի 2010-ին Համազգայինի Հայաստանի գրասենեակը հիւրընկալեց Ճեմարանի աշակերտներին եւ պատասխանատուներին: Հանդիպումն անցաւ ջերմ ու ընկերական մթնոլորտում: Համազգային հիմնադրամի նախագահ Լ. Գալստեանն աշակերտներին ծանօթացրեց Համազգայինի պատմութեանը, Հայաստանի գրասենեակի առաքելութեանը, ծրագրերին եւ իրագործումներին: Ծաւալուեց անկեղծ եւ անմիջական զրոյց Հայաստան-Սփիւռք գործակցութեան, կրթական եւ մշակութային փոխանակումների մասին: Երիտասարդները փոխանցեցին իրենց տպաւորութիւնները, պատմեցին հայաստանեան փորձառութեան, «Արի Տուն» ծրագրի շրջանակներում իրենց այցելութիւնների եւ հիւրընկալած ընտանիքների մասին: Աշխոյժ քննարկում և երկխօսութիւն ծաւալուեց հայաստանեան իրողութիւնների, մշակութային ժառանգութեան շուրջ:
Աշակերտներն իրենց դիտարկումներն ու նկատառումները փոխանցեցին հայաստանեան որոշ օրէնքների շուրջ:
Հանդիպման աւարտին Հայաստանի գրասենեակը Մարսէյի Ճեմարանի աշակերտներին նուիրեց «18-33» արդի հայ արձակի անթոլոգիան: