
25 Սեպտեմբեր 2017-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցաւ «Նահապետի աշունը» խորագրով յուշ-երեկոյ` նուիրուած անուանի գրող, թարգմանիչ, հրապարակախօս Ռուբէն Յովսէփեանի յիշատակին: Երեկոյի կազմակերպիչն էր Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը, որին դեռ երիտասարդ տարիներից անդամակցում էր անուանի մտաւորականը:
Ելոյթ ունեցան Դոկտ. Վիգէն Թիւֆէնքճեան (Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութեան անդամ), Էդուարդ Միլիտոնեան (Հայաստանի գրողների միութեան նախագահ), Արտաշէս Շահբազեան (ՀՅԴ մամլոյ դիւանի պատասխանատու) Եւ Դաւիթ Մուրադեան (Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր): Նրանք ներկայացրին Ռուբէն Յովսէփեան գրողին, թարգմանչին, համազգայնականն ու կուսակցական ընկերոջը, մտաւորականին, հայ մարդուն` Նահապետին: Խորագրի ընտրութիւնն էլ պայմանաւորուած էր հենց այս հանգամանքով: Գաբրիէլ Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վէպը հայ ընթերցողին հասանելի է դարձել հենց նրա թարգմանութեամբ:
Դահլիճը բազմամարդ էր: Ներկայ էին գրողի ընկերները, ընտանիքի անդամներն ու ընթերցասէրներ Հայաստանից եւ սփիւռքից:
Մշակութային այս ձեռնարկին իրենց բացառիկ կատարումներով հանդէս եկան Արմենուհի Սեյրանեանը (սոպրանօ, ՀՀ վաստ. Արտիստ), Պերճ Քարազեանը (տենոր, ՀՀ վաստ. Արտիստ), Արծուիկ Դեմուրչեանը (սոպրանօ), Անդրանիկ Մալխասեանը (բարիտոն), Դիանա Յարութիւնեանը (սոպրանօ), Հայկազ Կարապետեանը (ալտ), նուագակցեց ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսեանը:
Ռ. Յովսէփեանի «Նռներ» պատմուածքների ժողովածուից հատուածներ ընթերցեցին Սօս Սարգսեանի անուան Համազգային պետական թատրոնի դերասաններ Արման Նաւասարդեանը եւ Տաթեւ Ղազարեանը:
«Արտ Սինեմա» մենակատարների անսամբլը (գեղ. ղեկավար` Աշոտ Խոյեցեան) ներկայացրեց Տիգրանի Մանսուրեանի ստեղծագործութիւններից («Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտութիւն):
Յայտնենք, որ լուսանկարների հեղինակն է Գերման Աւագեանը:
Համազգայինի Հայաստանի գրասենեակ