
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ 30 Ապրիլ 2025-ին Երեւանի Աւետիք Իսահակեանի անուան կենտրոնական գրադարանում կայացաւ գրական ցերեկոյթ` ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան զոհ դարձած գրողների։
Քանի որ այս տարի լրանում է եղեռնազոհ բանաստեղծ Ռուբէն Սեւակի ծննդեան 140-ամեակը, ապա միջոցառումն ամբողջութեամբ նուիրուած էր նրա գրական վաստակին, կեանքին ու գործունէութեանը։
Միջոցառումը բացուեց Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանի ողջոյնի խօսքով` կարեւորելով Ռուբէն Սեւակ գրողի ստեղծագործական հունձքը հայոց գրականութեան անդաստանում։
Գրողի ստեղծագործական կեանքին անդրադարձան գրականագէտներ Քնարիկ Աբրահամեանը եւ Նաիրա Սարգսեանը, ինչպէս նաեւ` Գիւմրու Կենաց ծառ ՀԿ նախագահ Լուսինէ Գինոսեանը։
Գրական միջոցառումը գեղեցկացրին Երեւանի Ռուբէն Սեւակի անուան դպրոցի սաները` երգերով ու թատերական դրուագներով։
Հնչեցին նաեւ հայ մեծ երգահան Կոմիտաս Վարդապետի երգերից` երգչուհի Մարիա Խաչատրեանի եւ դաշնակահար Ռուզաննա Գրիգորեանի կատարմամբ։
Միջոցառումը վարեց ու գրողի ստեղծագործութիւններից ասմունքեց Գայանէ Սամուէլեանը։
Գրական ցերեկոյթը ամփոփուեց Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանի խօսքով։ Ռ. Առաքելեանը ոչ միայն անդրադարձաւ Ռուբէն Սեւակ գրողի ստեղծագործական ուղուն, այլեւ յատկանշեց, որ նա այն մտաւորականներից էր, ով իր գործունէութեամբ երբեք անմասն չմնաց ազգի ճակատագրից` մշտապէս մնալով ազգային արժէքներով ապրող եւ ազգային գաղափարախօսութեան սերմնացաններից մէկը։