Հանդիպում «Շողակն» անսամպլի մենակատար Յասմիկ Յարութիւնեանի հետ
Համազգայինի Հայաստանի գրասենեակի մտաւորականների ակումբի հերթական հիւրը «Շողակն» անսամպլի մենակատար Յասմիկ Յարութիւնեանն էր:
Մարտի 19-ին Համազգայինի Հայաստանի գրասենեակում էին հաւաքուել մայրաքաղաքի մի շարք համալսարաններ, ինչպէս նաեւ երիտասարդական միութիւններ ներկայացնող երիտասարդներ:
Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեանն իր համառօտ խօսքում ներկայացրեց հայ մշակոյթում եւ յատկապէս երաժշտարուեստում Կոմիտասի ունեցած դերակատարութիւնը, այնուհետեւ խօսքը փոխանցեց հայկական ժողովրդական եւ ազգագրական երգերի մեկնաբան «Շողակն» անսամպլի մենակատար Յ. Յարութիւնեանին:
Այս անգամ քննարկումը ծաւալուեց Կոմիտասի, նրա ստեղծագործութիւնների եւ թողած ժառանգութեան շուրջ:
Նախ օրուան հիւրը ներկայացրեց մի բացառիկ խտասալիկ, որտեղ զետեղուած էին երգեր, իր իսկ` Կոմիտասի կատարմամաբ: Այնուհետեւ Յ. Յարութիւնեանը երիտասարդներին ներկայացրեց Կոմիտասի կենսագրականը, զուգահեռներ անցկացրեց կոմիտասեան երաժշտութեան եւ մեր այժմեան երաժշտութեան միջեւ:
Զրոյցն այնքան հետաքրքիր էր ու ճանաչողական, որ ակումբի մասնակիցները ցանկութիւն յայտնեցին որոշ երգեր կատարել: Յասմիկ Յարութիւնեանի օգնութեամբ ուսուցանուեց ու կատարուեցին Կոմիտասի երգացանկից մի քանի երգեր:
Հանդիպումը ջերմ էր, անկեղծ ու անմիջական:
Համազգայինի Հայաստանեան գրասենեակի պատասխանատուները մէկ անգամ եւս հաւաստիացրեցին ակումբի մասնակիցներին, որ կը շարունակեն մշակոյթի անուանի գործիչների հետ հետաքրքիր հանդիպումների աւանդոյթը:
Մարիաննա Դիլաքեան