Հինգշաբթի, 21 Մարտ 2013ի -ին ՀՅԴ Արամ Մանուկեան կենտրոնում Համազգայինի մտաւորականների ակումբի հերթական հաւաքն էր, հրաւիրուած հիւրը` ֆոտոնկարիչ, բեմադրիչ Հայկ Բիանջեանը:
Ակումբի անդամների քննարկմանն էր ներկայացուելու հեղինակի «Անհետացող յիշողութիւններ» փաստավաւերագրական ֆիլմը: Այն ռեքվիեմ-պատմութիւն է մեր ժառանգութեան, Երեւանի պատմամշակութային յուշարձանների ոչնչացման եւ քաղաքացիների սեփականութեան իրաւունքի ոտնահարման մասին:
Մինչ ֆիլմի դիտումը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեանը երիտասարդներին ներկայացրեց հիւրին` Հայկ Բիանջեանին, անդրադառնալով նրա գործունէութեանը եւ այս ֆիլմի ստեղծման որոշ դրուագների: Հայկ Բիանջեանը նկարիչ-ֆոտոլրագրող է, որի տեսախցիկը սկսած 1998 թուականից արձանագրում է Երեւան քաղաքի պատամամշակութային յուշարձանների անողոք ոչնչացման հետագիծը:
Ըստ հեղինակի, լուսանկարչութիւնը լաւագոյն ճանապարհն է ցոյց տալու հանրութեանը իր ասելիքը. եւ այս դէպքում` քաղաքացու եւ մշակութային մարդու ընդվզումը: 90-ականների վերջից մինչեւ մեր օրերը փաստող ֆոտոշարք-պատմութիւնը վկայութիւն է Երեւանի պատմամշակութային մի շերտի վերացման վադալային ձեռագրի:
Ցուցադրութեանից յետոյ ծաւալուեց քննարկում, մտքերի փոխանակութիւն: Երիտասարդները, տպաւորուած ֆոտոպատմութիւններով, կիսեցին հեղինակի մտահոգութիւնները եւ մեծապէս կարեւորեցին հասարակութեան եւ յատկապէս իրենց դերը մեր քաղաքի պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան գործում:
Այսպէս աւարտուեց Համազգայինի մտաւորականների ակումբի հերթական հաւաքը` մտորումների եւ քաղաքացիական յանձնառութեան գիտակցման նոր առիթ տալով երիտասարդ ակումբականների:
Համազգայինի Հայաստանի գրասենեակ