Խնկարկէ՛ զիս և անմահութեան տաճարներուն էն փառակերտը կառուցո՛ւր,
Ծնրադրէ՛ և պաշտէ՛ զիս՝ և երբ ժամը հասնի՝ ողջակիզուէ՛ ինծի համար,
Եւ փշրէ՛ քու հողեղէնի ճակատդ իմ կոթողիս մարմարներուն դիմաց,
Որովհետև Ես ե՛մ, Ես ե՛մ, իմ անունս է Պայքար և վախճանս Յաղթանակ»:
Սիամանթօ
5 Մայիս 2017-ին Համազգայինի Հայաստանի գրասենեակի և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան նախաձեռնութեամբ «Միրզոյեան» գրադարանում տեղի ունեցաւ «Ապրում են և ապրեցնում» խորագրով գրական երեկոյ` նուիրուած եղեռնազարկ հայ գրողներին: Գրադարանը լեփ-լեցուն էր. երիտասարդ գրասէրներին ու ուսանողներին միաւորողը Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբէն Սևակի և մեր միւս նահատակ գրողների ստեղծագործութիւններն էին, նրանց ապրեցնող գրականութիւնը:
Երեկոյի հրաւիրեալ բանախօս, Ցեղասպանութեան ինստիտուտ թանգարանի
գլխաւոր ֆոնտապահ՝ Գոհար Խանումեանը, պատմագիտական ակնարկով ներկայացրեց հայ մտաւորականութեանը վերացնելու` երիտթուրքական` նախապէս մշակուած և հետևողականօրէն իրագործուած «ժողովրդասպան» ծրագրի հանգրուանները. մէկ գիշերուան ընթացքում կալանաւորում, ապա աքսորավայրեր, որտեղ էլ նրանցից շատերը իրենց եղերագոյն վախճանը գտան։
Հիմնական բանախօսի ելոյթից յետոյ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան երիտասարդներն ընթերցեցին նահատակ դարձած գրողների ստեղծագործութիւններից հատուածներ: Հնչեցին Սիամանթոյի, Ռուբէն Սևակի, Վարուժանի, Անդրանիկ Ծառուկեանի Զարեհ Որբունու ստեղծագորութիւններից պատառիկներ:
Հայ նահատակ գրողների ոգեկոչման և նրանց վառ յիշատակի խնկարկման նպատակով կազմակերպուած գրական երեկոյի ներկաներին ողջունեց Համազգայինի Հայաստանի գրասենեակի տնօրէն Նարէ Միքայէլեանը: Խօսելով նահատակ գրողների մասին` նա շեշտեց, որ այո, Եղեռնով ընդհատուեց արևմտահայ գրականութեան բնականոն զարգացումն ու ընթացքը, բայց արդէն եղածը և այն նորը, որ ստեղծուեց եղեռնին յաջորդած տասնամեակներում, եկան հաստատելու, որ հայ ժողովուրդը շարունակում է հաւատարիմ մնալ իր ազգային երազանքներին, իսկ նորանկախ Հայաստանի գոյութիւնը այդ ամէնի ամենակարևոր երաշխիքներից մէկն է:
Գրական երեկոյի աւարտին ներկաները առիթ ունեցան ծանօթանալու և որպէս նուէր ստանալու Համազգային հայ կրթական և մշակութային միութեան հրատարակութեամբ լոյս տեսած «Հայոց Եղեռնապատումի գրականութիւնը» ժողովածուն, որ գրականագիտական հայեացքով ընթերցողին ներկայացնում է եղեռնի գեղարուեստական պատումը, մեր անանց ցաւի գեղարուեստական ընկալման համակողմանի վերլուծութիւնը:
10 Մայիս, 2017
Համազգայինի Հայաստանի գրասենեակ