Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը, Երեւանի պետական համալսարանը եւ Սփիւռքի նախարարութիւնը ընթերցողի սեղանին են դրել հայ մեծանուն գրող, ազգային-պետական գործիչ Աւետիս Ահարոնեանի ծննդեան 150 ամեակին նուիրուած միջազգային գիտաժողովի 21 զեկոյցների ժողովածուն:
Ժողովածուի շնորհանդէսը տեղի ունեցաւ 29 Մայիս 2017-ին ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետի սրահում, ուր դեռ մի քանի ամիս առաջ հայ պատմագիտական եւ գրականագիտական միտքը մէկտեղուել էր` գիտական արդիական հայեացքով արժեւորելու անուանի գրող, ազգային պետական գործիչ Աւետիս Ահարոնեանի ժառանգութիւնը:
Շնորհանդէսին ներկայ էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, Համազգային հայ կրթական և մշակութային միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտչեանը, գրականագէտներ, պատմաբաններ Հայաստանից և Սփիւռքից, ուսանող-երիտասարդներ, գրասէր քաղաքացիներ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը շնորհակալութիւն յայտնեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեանը երկար տարիների համագործակցութեան համար եւ նշեց, որ Աւետիս Ահարոնեանի գործունէութիւնը գիտական արդիական հայեացքով վերլուծող այս ժողովածուն հայ մեծանուն երևելիին ներկայացնող լաւագոյն աշխատանքներից մէկն է. «Ե՛ւ խորհրդային շրջանում, և՛ հիմա մենք ունենք տարբեր տեսակի կոչումներ, բայց կայ մէկը, որն ունի առանձնակի նշանակութիւն: Այն ազգի նուիրեալի կոչումն է, իսկ Ահարոնեանը եղել է նուիրեալ: Մեր երիտասարդութիւնն այսօր այլ հերոսներ ունի։ Կան երևելիներ, որոնց մասին շատերը չգիտեն: Մենք պէտք է այդ մարդկանց յիշողութեան փոշին հանենք։ Պետք է քարոզենք նրանց և նրանց գործերը»։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Հայաստանի գրասենեակի տնօրէն Նարէ Միքայելեանը փաստեց, որ չնայած այն հանգամանքին, որ տարբեր առիթներով եւ տարբեր ժամանակներում արուել է Ահարոնեան` ազգային-պետական գործչի արևժորումը, սակայն Ահարոնեան գրողի գնահատականը ամբողջացնելու ճանապարհին մեծ գործ կայ անելու. «Այս ժողովածուն թոյլ է տալիս համոզուած ասելու, որ այն նոր հայեացքի ու հունաւորման խթան կը դառնայ բոլոր նրանց համար, ովքեր նպատակ կ'ունենան անդրադառնալ ու գնահատել Աւետիս Ահարոնեան երեւելիի վաստակին»:
Շնորհանդէսի մասնակիցներին եւ կազմակերպիչներին իրենց երախտիքի խօսքերն ուղղեցին Հայաստանի գրողներների միութեան քարտուղար Պետրոս Դեմիրճեանը, գրականագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր Գագիկ Խաչիկեանը, ՀՅԴ Բիւրոյի մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշես Շահբազեանը և ուրիշներ:
Շնորհանդէսին հետևեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան և «Յակոբ Կարապենց» հիմնադրամի սահմանած ամէնամեայ կրթաթոշակի յանձնման արարողութիւնը: Սփիւռքահայ անուանի գրող Յակոբ Կարապենցի անունը կրող կրթաթոշակի արժանացան Հայաստանի բուհերում սովորող շուրջ հինգ երիտասարդներ, որոնք բարձր առաջադիմութեան հետ մէկտեղ ունեն ստեղծագործական ձիրք, գրական առաջին քայլերն են անում ու յոյս ներշնչում, որ հոգևորն է նրանց կենսադաշտը: Կրթաթոշակները յանձնելիս համազգայինի Հայաստանի գրասենեակի տնօրէն Նարէ Միքայելեանը բարի երթ մաղթեց կրթաթոշակառուներին, շեշտելով, որ կրթաթոշակառուները այն յոյսն են, ովքեր պէտք է շարունակեն իրենց կերպը ժամանակակից հայ գրականութեան և գրականագիտութեան մէջ:
«Յակոբ Կարապենց» կրթաթոշակի արժանացան` ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուտետի ուսանողներ Վահագն Ամիջանեանը, Առլինա Սարգսեանը, պատմութեան ֆակուլտետի ուսանող Աննա Թորոսեանը, ժուռնալիստիկայի ֆակուլտետից` Լուսինէ Աթաբեկեանը և ՀՊՏՀ բանասիրութեան ֆակուլտետի ուսանող Համլետ Ղուկասեանը:
Համազգայինի Հայաստանի գրասենեակ
30 Մայիս, 2017