Փետրուարի 19-ը` հայ մեծանուն գրող Յ. Թումանեանի ծննդեան օրը, արդէն մի քանի տարի է, ինչ Հայաստանում նշւում է որպէս գիրք նուիրելու օր:
Համազգայինի Հայաստանի գրասենեակը հետևելով նոր ձևաւորուող աւանդոյթին` երիտասարդ մտաւորականների ակումբի հերթական հաւաքը (Փետրուարի 20-ին) նուիրեց այդ օրուան:
Համազգային հայ կրթական և մշակութային միութեան մասին պատմական ակնարկից յետոյ գրասենեակի տնօրէն Նարէ Միքայէլեանը ներկայացրեց Համազգայինի 10 բացառիկ հրատարակութիւնները` Սարգիս Յարութիւնեանի «Հայ առասպելաբանութիւնը», «13 պիես» ժողովածուն, Օրհան Փամուքի «Ձիւնը», Վարդան Ֆերեշեթեանի «Գրահաւաքը» ժողովածուն, Համաստեղի «Հատընտիր Պատմուածքները», Զորայր Խալափեանի «Վասիլ Մեծ, հայ կայսր Բիւզանդիայի կամ Կճուճների թագաւորը», Պերճուհու «Խանձուած օրերը», «Ծաղկաքաղ սփիւռքահայ գրականութեան» ժողովածուն, «18 - 33. արդի հայ պոեզիա» անթոլոգիան, Նատալիա Թադևոսեանի «Խառնարան» յուշագրութեան հայերէն թարգմանութիւնը, որոնք նախապէս յայտարարուած մրցոյթի արդյիւնքների ամփոփումից յետոյ որպէս նուէր յանձնուեցին Սմբատ Յովհաննիսեանին, Նժդեհ Երանեանին, Անի Աւետիսեանին, Նազենի Գէորգեանին, Թագուհի Ղազարեանին, Վահէ Աւետիսեանին, Մերի Թևոսեանին, Դաւիթ Գէորգեանին, Նաիրա Խաչիբաբեանին և Հռիփսիմէ Գալստեանին: