Հոկտեմբերի 12-ին Համազգային հայ կրթական եւմշակութային միութեան երեւանեան գրասենեակում տեղի ունեցաւ հանդիպում «ԳՐԱՆԻՇ» գրական հանդէսի խմագրակազմի անդամներ, գրականագէտներ Արքմենիկ Նիկողոսեանի, Յասմիկ Յակոբեանի, բանաստեղծ Աշոտ Գաբրիէլեանի հետ: Հանդիպման նպատակն էր յատկապէս երիտասարդ ընթերցողներին ներկայացնել նորաստեղծ հանդէսն ու նրա վարած գրական քաղաքականութիւնը:
Սկսելով հանդիպումը` «Համազգային» հիմնադրամի տնօրէն Թամարա Շահբազեանը նախ ներկայացրեց հիւրերին, ապա շեշտեց այն հանգամանքը, որ նրանցից երկուսը` Արքմենիկ Նիկողոսեանն ու Աշոտ Գաբրիէլեանը, նախկինում ակտիւօրէն մասնակցել են իրենց ակումբային հաւաքներին եւ այսօր էլ ահա այսպէս ասած` հերոսի կարգավիճակում են: Նոյն ճանապարհը Թամարա Շահբազեանը մաղթեց հանդիպմանը մասնակցող ուսանողներին: Արքմենիկ Նիկողոսեանը հանգամանօրէն ներկայացրեց «ԳՐԱՆԻՇ» հանդէսի գրական քաղաքականութիւնը` շեշտելով այն հանգամանքը, որ իրենք ոչ թէ պատերազմելու, անցեալի արժէքները ժխտելու, այլ գրական ընթացքը համակարգելու, բարձր չափանիշներ ապահովելու եւ գրականութիւն-ընթերցող խախտուած կապը վերականգնելու են եկել: Եւ դրա համար` անհրաժեշտ է նաեւ ընթերցողի աջակցութիւնը:
Յասմիկ Յակոբեանը կարեւորեց հանդէսի այն քաղաքականութիւնը, որը միտուած է թարգմանական նոր հնարաւորութիւնների ստեղծմանը, նոր թարգմանիչների պատրաստմանն ու կայացմանը: Աշոտ Գաբրիէլեանն իր խօսքում առանձնացրեց հանդէսի ընդհանրական ջանքը նաեւ համացանցային ոլորտում արդի հայ գրականութեան արժէքաւոր գործերը ներկայացնելու գործում` շեշտելով granish.org, litopedia.org էլեկտրոնային կայքերի դերը:
Ուսանողների կողմից եղան բազմաթիւ ու բազմաբնոյթ հարցեր, որոնց նոյնպէս հանդիպման հիւրերը պատասխանեցին սիրով ու հանգամանալից:
Լիլիթ Ամիրեան