Նիւ Եորքի Ռիչմոնտ Շեպարտ թատրոնին մէջ տեղի ունեցաւ ամերիկահայ անուանի գրող-թատերագիր՝ Հրանդ Մարգարեանի « Լռութիւն բոլորաձեւ ծիածանի մէջ» երկը՝ անգլերէն լեզուով:
Բեմադրութիւնը հայ կնոջ մը՝ Շուշանին պատմութիւնն է, անոր ապրումներուն ու մաքառումներուն մասին : 1915-ի ջարդերէն մազապուրծ ըլլալով` ան կը կորսնցնէ իր չորս տարեկան որդին եւ իր կեանքի նպատակը կը դարձնէ գտնել կորած զաւակը: Հոնկէ կը սկսի անոր ոդիսականը:
Բեմադրութեան կը մասնակցէին թատրոնի եւ շարժապատկերի յայտնի դերասաններ՝ Մայքլ Պերկովիտզը , Թոմմի Պիջջիանին , Ատրէա Մաուլելլան , Ալէն Լուիս Ռիքմանը եւ Սոլոմոն Չիվը : Բեմադրիչն է Սպենսեր Չանտլերը :
Հանդիսատեսը ջերմութեամբ ծափահարեց Շուշանի դերակատար Լորենի Սրապեանին, որուն դերակատարումը յուզիչ էր եւ տպաւորիչ : Ներկայացումներէն ետք, ներկաները ջերմ հանդիպում ունեցան եւ շնորհաւորեցին դերասաններն ու երկի հեղինակ՝ Հրանդ Մարգարեանը։