Հնագոյն համայնքում նորոգուած դպրոց, կարելի է ասել` նոր դպրոց: 2 տարի առաջ սկսուել էին Ուշի գիւղի դպրոցի վերանորոգման աշխատանքները: Այսօր արդէն գիւղի աշակերտներն ունեն նոր կահաւորուած դասասենեակներ: Ուշին Երեւանից Արագածոտն էր հասցրել նաեւ մի խումբ մտաւորականների:
1967-ին գիւղում բացւում է առաջին եւ միակ միջնակարգ դպրոցը: Այսքան տարի անց շրջանաւարտներն ու աշակերտները վերջապէս կը կարողանան ասել, որ սովորել կամ սովորում են առաջին հանրապետութաան հիմնադիրներից մէկի, առաջին Կրթութեան նախարար Նիկոլ Աղբալեանի անունը կրող դպրոցում:
Օգսէն Սահակեան, Ուշիի Ն. Աղբալեանի անուան միջնակարգ դպրոցի տնօրէն. "Մենք Նիկոլ Աղբալեանին ոչ թե դիտում ենք որպես կուսակցական, այլ մեծ մանկավարժ, մեծ հայրենանուէրի, որը անպայման իր խօսքը կ°ասի երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքների վրայ":
Երկու տարի առաջ կառավարութեան ծրագրով դպրոցի շինարարութեան համար յատկացւում է 200 միլիոն դրամ: Առաջնահերթութեամբ վերանորոգւում է նախ տանիքը, ապա անցկացւում է ջեռուցում: Այսօր արդէն ուշեցի աշակերտներն ունեն նոր կահավորուած դասասենեակներ: Վերանորոգման աշխատանքներին ոչ միայն ֆինանսապէս, տարբեր հարցերում ակտիւ մանակցութիւն են ունեցել Տեր եւ Տիկին Շարաբխանեանները:
Մարգար Շարաբխանեան, բարերար. "Ուսումնական ձեռքբերումները նաեւ պատկառելի պիտի դառնան: Իմ փափաքն է ու մաղթանքը, որ մեր դպրոցի աշակերտութիւնը դաստիարակուի ազատ հայրենիք ունեցած ըլլալու ազգային գաղափարախօսութեամբ, շունչով եւ ոգիով":
Ուշին Երեւանից Արագածոտն էր հասցրել նաեւ մի խումբ մտաւորականների: Դպրոցի հանդիսութիւնների սրահն անուանակոչուեց Լեւոն Շանթի, գրադարանն էլ Համաստեղի անուամբ:
Լիլիթ Գալստեան, ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ. "Դպրոցների անուանակոչութեան հարցում պիտի շատ ուշադիր լինենք: Մի դպրոց ունենք, որ կրում է Նիկոլ Աղբալեանի անունը, բայց կարծում եմ, որ Նիկոլ Աղբալեանի դերակատարութիւնը մեր հասարակական-քաղաքական, հոգեւոր-մշակութային կեանքում այնքան մեծ է եւ այնքան անանց, որ Ուշիի դպրոցը անուանակոչելով Նիկոլ Աղբալեանի անունով մենք նաեւ հոգեւոր դաշտի մի լրացուցիչ ովասիս կ°ունենանք` կապելով աշակերտներին Աղբալեանի ժառանգութեան պատգամին":
Պատգամաւորը դատարկաձեռն չէր եկել: Նիկոլ Աղբալեանի 8 հատորեակն ու արժէքաւոր գրականութեան շատ այլ էջեր սպասելու են իրենց ընթերցողներին: Ներկաների թուում առանձնապէս մեծ ուրախութիւն էր ապրում Լեւոն Շանթի եւ Նիկոլ Աղբալեանի կողմից Բեյրութում հիմնուած ճեմարանի ներկայ տնօրէնը:
Տիգրան Ճինպաշեան, Բեյրութի ճեմարանի տնօրէն. "Այս դպրոցը եւ գիւղը շատ բախտաւոր են` կրելով անունը մէկի, որ մեր 20-րդ դարում պատմութեան ընթացքին մեր ժողովրդի լինելիութեան, մեր հայրենիքի գոյութեան հետ կապուած ամենահեղինակաւոր եւ ամենակարեւոր անձնաւորութիւններէն մէկն է":
Մեր օրերում, երբ պատանիներն ու երիտասարդները փորձում են գտնել աւելի կարեւոր զբաղմունք, քան գիրքը, նուիրեալները յիշեցնում են` չկայ: "Մեր լինելիութիւնը պայմանաւորուած է գրով, մշակոյթով եւ հոգեւորով",-այսպէս է իր մենագրութիւններից մէկում գրել Աղբալեանը` սերունդներին կտակելով համամարդկային մտաւոր արժէքներ:
(Քաղուած՝ Երկիր Մետիայէն)