Երկուշաբթի, 6 Յունիս 2011-ի երեկոյեան, Ա. Մանուկեան Ժող. Տան «Լ. Շանթ» սրահէն ներս համախմբուած էր երաժշտասէր ընտրանին՝ ունկնդրելու հայրենի արուեստագէտ փրոֆ. Արմէն Ճենտերէճեանի խօսքը՝ անդրադարձող ԺԹ. դարու Բ. կիսուն գոյութիւն ունեցող հայ երաժշտական մշակոյթի շուրջ։
«Բ. Կանաչեան» երաժշտական միաւորի վարչութեան
ատենապետ Վարդան Քէօշկէրեան ներկաներուն փոխանցեց բանախօսին կենսագրական տուեալները առ ի ծանօթացում անոր երաժշտական արժանիքներուն։ Արմէն Ճենտերէճեան համազգայինի Սուրիոյ Շրջ. Վարչութեան հրաւէրով Հալէպ ժամանած, ստանձնած է երաժշտանոցէն ներս գեղ. տնօրէնի պատասխանատու պաշտօնը։
Գեղարուեստական յայտագրով ելոյթ ունեցան «Բ. Կանաչեան» երաժշտական դպրոցի ուսուցչուհիներ Արտա Տէր Յակոբեան եւ Նանոր Մինասեան՝ ջութակով, Անժելա Մանուկեան դաշնակի վրայ ներկայացնելով vivaldi-ի Adagio-ն,ապա նոյն ջութակահարները եւ Մարալ Հալէպլեան իբրեւ դաշնակահար՝բարձրորակ կատարողութեամբ մեկնաբանեցին Azarachville-ի Nocturne-ը։
Ապա Խօսք առաւ Արմէն Ճենտերէճեան։ Ան նշեց.«ԺԹ. դարի երկրորդ կիսուն հասարակական լուրջ տեղաշարժները, քաղաքական, մշակութային շարժումներին հաղորդակից լինելը հայ ժողովրդի առաջընթացի գրաւականն էին։ Այդ շրջանին կաթողիկոս Ներսէս Աշտարակեցուն գրած նամակում, Խ. Աբովեանը երեխաների երաժշտական դաստիարակութիւնը շատ կարեւոր համարելով, գրել է. «Ամէնքը պէտք է սովորեն երաժշտութիւն»։ Հայ երաժշտական մշակոյթի առջեւ դրուած կարեւորագոյն խնդիրներից մէկը համաշխարհային երաժշտութեան ծանօթացումն ու ուսումնասիրութիւնն էր։
ԺԹ. դարի կէսերին Կոստանդնուպոլիսը հանդիսանում էր արեւմտահայերի տնտեսական, քաղաքական եւ մշակութային կեանքի ամենախոշոր կեդրոնը, ուր ստեղծուել էին գրքերի տպագրութեան համար անհրաժեշտ պայմաններ, լոյս էին տեսնում հայերէն թէ օտար լեզուով ամսագրեր, հանդէսներ։ Զարգանում էր մշակութային կեանքը։ Հիմնուեցին մի շարք դպրոցներ, որոնք առաջնակարգ դեր խաղացին հայ ժողովրդի կեանքում։
Երիտասարդութեան մի ստուար մասը կատարելագործում էր իր գիտելիքները այլ քաղաքների համալսարաններում, ապա վերադառնալով հայրենիք, նուիրւում էր հայկական գիտութեան եւ մշակոյթի զարգացման գործին։
1861 թուականին հիմնադրուեց «Քնար Հայկական ընկերութիւնը, որը
կազմակերպում էր անվճար դասախօսութիւններ եւ սէմֆոնիք համերգներ, երաժշտական ստեղծագործութիւններ։
Քաղաքային Ֆոլքլորը ԺԹ. դարի երկրորդ կէսին հարստացաւ նաեւ հայրենասիրական երգերով, որոնք արդիւնք էին ազգ. ինքնագիտակցութեան հասունացման եւ Արեւմտեան Հայաստանում թուրք բռնակալների դէմ պայքարի ելած ժողովրդի ազգային ազատագրական շարժման։
Երեւանում, Ալեքսանդրապոլում եւ Շուշիում լայն ճանաչում ստացաւ ժողովրդական գործիքային երաժշտութիւնը, թառի, քամանչայի գործածութեամբ։ Ալեքսանդրապոլի երաժիշտների արհեստակցական միութեան «ուստաբաշի»ն էր հռչակաւոր Ջիւանին։
ԺԹ. դարի ընթացքում Հայաստան մուտք գործեցին փողային գործիքներ, աւելի ուշ նաեւ դաշնամուրը եւ ջութակը։ 1851 թուականին Թիֆլիսում հիմնադրուած իտալական օփերայի թատրոնը անգնահատելի դեր խաղաց արեւմտաեւրոպական եւ ռուսական օփերաները երաժշտասէր հանրութեանը ներկայացնելու գործում։
Չուխաճեանն իր օբերէթներով եւ երաժշտական ղեկավարութեամբ ապահովել է Պենկլեանի թատրոնի մշտական յաջողութիւնները իսկ վերջինս իր հերթին մեծապէս նպաստել է Չուխաճեանի օբերէթների ժողովրդականացմանը։
ԺԹ. դարի կէսերին Պոլսում հիմնադրուած Գ. Սինանեանի Կամերային
նուագախումբը, որն աւելի ուշ ընդլայնելով կատարողական կազմը ջութակահար, ղեկավար եւ քոմբոզիթէօրով Յարութիւն Սինանեանի ղեկավարութեամբ գործել է իբրեւ սիմֆոնիք նուագախումբ։
Արեւելահայերի փրոֆեսիոնալ քոմբոզիդորական դպրոցի հիմքերը դրուեցին Քրիստափոր Կարամուրզայի, Մակար Եկմալեանի, Նիկողայոս Տիգրանեանի գործունէութեամբ։ Ազգային քոմբոզիդորական դպրոցի կազմաւորման եւ կայացման հարցում բացառիկ դեր ունեցաւ հայ քոմբոզիդէօր երաժշիտ, բանահաւաք, երաժշտագէտ, երգիչ, խմբավար եւ մանկավարժ հայկական ազգային փրոֆէսիոնալ դպրոցի հիմնադիր հանճարեղ Կոմիտասը, որ նաեւ միջազգային երաժշտական ընկերութեան առաջին անդամներից էր։
Հայ դասական երաժշտութեան սկզբունքների մշակման եւ զարգացմանը մեծապէս նպաստեցին Արմէն Տիգրանեանը, Ալեքսանդր Սպենդիարեանը եւ Ռոմանոս Մելիքեանը։
Հայ երգի մեծագոյն երախտաւորներից է Արմենակ Շահմուրատեանը։
Երաժշտական շատ յայտնի ընտանիքներից նշենք՝ Սինանեանները՝ Պոլսոյ մէջ, Ղորղանեանները՝ Թիֆլիսի մէջ։ Աւելցնենք ապա Տրապիզոնում ծնուած ջութակահար մեծանուն Դաւիթ Դաւթեանը, Սիմֆիլպոլում ծնունդ առած ջութակահար Յովհաննէս Նալպանտեանը։
Վերոնշեալ բոլոր երաժիշտ կատարողները, գրեթէառանց բացառութեան եղել են հայկական ստեղծագործութիւնների լաւագոյն գիտակներ եւ մեկնաբանողներ,ինչպէս նաեւ հայ երաժշտութեան տարածման եւ քարոզչութեան անխոնջ նուիրեալներ։
Յարգանք անոնց անմոռաց յիշատակին...»։
Համադրեց՝
Էմմա