Ուրբաթ, 16 Դեկտեմբեր 2016-ին, Համազգայինի Հայաստանի գրասենեակը մարդաշատ էր: Աւանդական դարձած մտաւորականների ակումբի հերթական հաւաքը նուիրուած էր սփիւռքահայ գրող, գրականագէտ Գրիգոր Պըլտեանին, ով Երևան էր ժամանել Աւետիս Ահարոնեանին նուիրուած միջազգային գիտաժողովին մասնակցելու համար:
Հաւաքին ներկայ էին Համազգային հայ կրթական և մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը, վարչութեան անդամներից Կարօ Պայթարեանը, սփիւռքահայ մտաւորականներ Յարութիւն Քիւրքճեանը, Մարգար և Էլիզ Շարապխանեանները, արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումեանը, արձակագիր Ալիս Յովհաննիսեանը, երիտասարդ մտաւորականներ, ուսանողներ:
Համազգայինի գրասենեակի տնօրէն Նարէ Միքայէլեանը ներկայացրեց Գրիգոր Պըլտեանի վերջին հրատարակութիւնները, գրողի անցած ստեղծագործական ուղին, այնուհետև դիմելով ներկաներին` յորդորեց օգտագործել սփիւռքահայ գրողի հետ հաղորդակցելու բացառիկ առիթը և ակտիւօրէն մասնակցել զրոյցին:
Արձակագիր Քրիստիան Բատիկեանը, խօսելով Գրիգոր Պըլտեանի «Կրկնագիր մարդը» գրքի մասին, նշեց, որ պատումի խորքում օտարութեան և ինքնութեան, լեզուի գոյութեան հարցերն են:
Գրիգոր Պըլտեանը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին ստեղծագործութեան յղացքին և կառուցուածքին, գրական հնարքների կիրառմանը ևայլն: Խօսուեց ստեղծագործողի լեզուի ընտրութեան, երկլեզուութեան, լեզուի և մտածողութեան փոխկապակցուածութեան մասին: Գրիգոր Պըլտեանը նշեց հայերէն գրելու իր սկզբունքայնութեան մասին:
Ջերմ մթնոլորտում ընթացած զրոյցը փոքրիկ հիւրասիրութեամբ շարունակուեց աւելի ազատ ձևաչափով: