Քալիֆորնիայում հայ մշակութային կեանքը գեղանկարչութեան ու կերպարուեստի միջոցով ակտիւացնելու նպատակով, ամերիկահայ երկու խոշոր կազմակերպութիւններ՝ Համազգային Հայ Մշակութային եւ Կրթական Միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնն ու «Ասպարէզ» օրաթերթը «Hovik՛s Fine Art» պատկերասրահի հետ միաւորուելով Նոյեմբերի 14-16ը նախաձեռնել են աննախադէպ ցուցահանդէս-վաճառք: Հանրութեանը ներկայացուելու են 48 տարբեր երկրներում ճանաչուած հայ արուեստագէտների աշխատանքներ, այդ թւում՝ դասականների, ներկայում գործող յայտնի նկարիչների, նաեւ՝ այս ոլորտում նոր անունների:
«Նման ցուցահանդէսի կազմակերպման հիմնական նպատակներից է խթանել մշակոյթի այս արտայայտչաձեւը՝ ներկայացնելով եւ այդպիսով աջակցելով մեր ժամանակակից արուեստագէտներին: Միաժամանակ, վաճառքի միջոցով ցանկանում ենք ստեղծել նիւթական բազա, որպէսզի այս աշխատանքը շարունակական դառնայ», նշում է ցուցահանդէսի համակազմակերպիչը՝ ճանաչուած նկարիչ, «Hovik՛s Fine Art» պատկերասրահի հիմնադիր Յովիկ Քոչինեանը: Ամերիկեան եւ միջազգային հեղինակաւոր աճուրդներում իր բարձրարժէք աշխատանքներով յայտնի մեր հայրենակիցն աւելի քան քսան տարի է, որ անձնական գործունէութեանը զուգահեռ՝ բացայայտում եւ աշխարհին է ներկայացնում հայ նկարիչների՝ այսպիսով նաեւ նպաստելով նրանց կայացմանը: