Համազգայինի Երեւանի գրասենեակում տեղի ունեցաւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ «Յակոբ Կարապենց» հիմնադրամի սահմանած ամէնամեայ կրթաթոշակի յանձնման արարողութիւնը: Սփիւռքահայ անուանի գրող Յակոբ Կարապենց կրթաթոշակին արժանացան Հայաստանի բուհերում սովորող շուրջ վեց երիտասարդներ, ովքեր բարձր առաջադիմութեան հետ մէկտեղ ունեն ստեղծագործական ձիրք, ցուցաբերում են հասարակական ակտիւութիւն, ստեղծագործական առաջին քայլերն են կատարում գրականութեան ասպարէզում։
Ուսանողներին իր շնորհաւորանքի խօսքը ասաց Համազգայինի Կենտրոնական Վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտչեանը։ «Յակոբ Կարապենց» կրթաթոշակի արժանացան` ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուտետի ուսանողներ՝ Արշակ Պօղոսեանը, Սեդա Յակոբեանը, Գայանէ Աւագեանը։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող՝ Նարեկ Մարտիրոսեանը, ԵՊՀ Իջեւանի մասնաճիւղի հայոց լեզուի եւ գրականութեան ֆակուլտետի ուսանող՝ Ռոզա Ճաղարեանը, Խ. Աբովեանի անուան Մանկավարժական համալսարանի բանասիրութեան ֆակուլտետի ուսանող՝ Աննա Դաւթեանը:
«Յակոբ Կարապենց» կրթաթոշակը տրւում է 2000 թուականից սկսեալ, համաձայն Յակոբ Կարապենցի կտակի: Մեծանուն գրողի ցանկութիւնն է եղել խրախուսել հայրենի երիտասարդ ստեղծագործողին, ով կը շարունակի հայ մշակոյթի աւանդոյթները ժամանակակից հայ գրականութեան եւ գրականագիտութեան, լրագրութեան եւ հայրենագիտութեան ասպարէզներում: