Պարը քաղաքակիրթ ազգերի համար դարձել է մի տեսակ այցետոմս, իրենց ազգային ինքնահաստատման դրսևորումներից մէկը։ Մեր քաղաքակիրթ ազգն էլ իր ձևաւորման շրջանից առ այսօր շարունակում է սերնդէ-սերունդ փոխանցել հայ ազգային աւանդական պարը. պար, որ մեր ազգի պատմութեան անբաժան մասն է եղել և մնում է։ Մեր ազգային պարերից իւրաքանչիւր պար մի փոքր պատմութիւն է մեր անցած դարաւոր ուղուց, մեր մաքառումներից ու մեր յաղթանակներից։
Պարը ազգային խառնուածքի և աւանդոյթների խտացումն է: Պահպանելով ժողովրդական պարը` մեր ազգային դէմքն ենք պահպանում: Ազգայինը պահպանելը կարևոր է յատկապէս մեզ նման փոքր ժողովուրդների համար, որովհետև մշակոյթն է մեր ամենահզօր զէնքը: Սփիւռքում ապրող հայը այդ զէնքով է անհաւասար պայքարի մէջ է մտել սպիտակ ջարդի սուր ժանիքների դէմ։
Մեր համայնքի Նայիրի պարի համոյթը իր վերաստեղծման օրից մինչև օրս բազմիցս է հիացրել ոչ միայն հայ հասարակութեանը այլ այն դիտելու առիթ ունեցած այլազգիներին։ Եւ հիացմունք է առաջացրել ոչ միայն այս համոյթի կատարողական բարձր մակարդակը, այլև այն որ Նայիրի համոյթը հաւատարիմ է մնացել հայ ազգաjին պարի ակունքներին և ներկայացրել է դարերից եկած մեր ազգային պարը։
Այս տարի համայն հայութիւնը բազմաթիւ միջոցառումներ իրականացրեց ի յիշատակ մեր ազգային ողբերգութեան հարիւրերորդ տարելիցին։ Նայիրի պարախումբն էլ ամիսներ շարունակ քրտնաջան աշխատելուց յետոյ իր նոր համերգային ծրագիրը ներկայացրեց հայ հանդիսատեսի դատին։ «Մենք յիշում ենք և պահանջում» բնաբանով համերգը տեղի ունեցաւ Սեպտեմբերի 27-ին։
Համերգի առաջին մասում կատարւեցին հայկական պարեր տարբեր տարիքային խմբերի պարման պարմանուհիների կատարմամբ։ Աչք շոյող հայկական ազգային տարազներով ներկայացւած պարերը մի պահ հանդիսատեսին հոգով տեղափոխեցին Հայաստան, ուր սկիզբ է առել մեր պատմութիւնը ու ձևաւորւել է մեր ազգային մշակոյթը։ Տղաների խրոխտ, առնական պարը, աղջիկների հեզաճկուն պարը լրացնում էին միմեանց ստեղծելով այն հայի կերպարը, որը գիտի ստեղծել ու արարել, որը գիտի պատմութիւն կերտել։ Հանդիսատեսը հիացմունքի ջերմ ծափերով ողջունեց նաև ամենափոքրերի պարային խմբի կատարումը, որի ամենակրտսեր կատարողը հիացրեց՝ ուղղակի գրաւեց հանդիսատեսի սիրտը։ Ներկայացւած պարերը ընդմիջւեցին հայկական երգերի կատարմամբ որոնք ներկայացրեցին մեր համայնքում մեծ ճանաչում ստացած Իզաբել Մարգարեանը, Լիլիթ Մուրադեանը և Հայաստանից յատուկ հրաւիրւած, «Հայաստանի Ձայն» ծրագրի նախորդ տարուան յաղթող Մաշա Մնջոյեանը։
Համերգային ծրագրի երկրորդ մասն ամբողջութեամբ նուիրուած էր մեծ եղեռնի 100-րդ տարելիցին։ Հետաքրքիր մտայղացմամբ կազմւած ծրագրի այս մասը անտարբեր չթողեց ոչ մի հանդիսատեսի։ Կրկին ալեկոծւեց և ցաւից ճմլւեց հայ հանդիսատեսի սիրտը մեր այն մէկ ու կէս միլիոն նահատակների համար, որոնց իրագործողները դեռ միջազգային դատապարտման չեն արժանացել։ Բայց ազգային ողբերգութիւնը ներկայացնող տեսարանները փոխւեցին և սկսւեց հայի վերածննդի, հայ ապրելու և յարատևելու տեսարանները արտայայտող պարերը։
Համերգը վերջացաւ հայ հոգու և կամքի յաղթանակի պարերի ներկայացմամբ։ Բեմում յաղթականօրէն ծածանւում էր հայկական եռագոյնը, որի հովանու ներքոյ ճախրում էր հայկական պարն ու հայկական երաժշտութիւնը։
Համերգի վերջում բեմ հրաւիրւեց Պրն. Ռաֆֆի Խանլարեանը իր գնահատականի խօսքը ասելու Նայիրի պարախմբի ելոյթի առթիւ։ Պրն. Խանլարեանը անչափ բարձր գնահատեց պարախմբի ներկայացրած այս գեղեցիկ ծրագիրը նշելով որ միայն միասնականութեամբ մենք կարող ենք նման ծրագրեր իրագործել։ Միայն միասնական լինելով մենք կկարողանանք պահպանել մեր մշակոյթը այս օտար ափերում։
Գնահատանքի բաժնում շնորհակալական խօսքեր ուղղւեցին հագուստների կազմակերպման պատասխանատու Վէհիկ Յարութիւնեանին, պարախմբի ղեկավար՝ Ասատուր Հաճեանին, պարուսոյց Լենա Հայրապետեանին և Հայաստանից հրաւիրուած պարուսոյց Հրաչեայ Բադալեանին։
Երեկոն առանց անակնկալների չաւարտւեց։ Անցեալ տարի Նայիրի պարախմբի Հայաստանում ունեցած բարձր մակարդակի համերգային ծրագիր ներկայացնելու համար Պրն. Ասատուր Հաճեանը պարգևատրւել է Հայաստասնի Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեան պատւէրով։ Մէկ այլ անակնկալ էլ սպասում էր Նայիրի վարչութեան փոխատենապետ Թադէ Քարամեանին։ Այս տարի Համահայկական խաղերին մեկնող Արարատի մարզիկներին բարձր աջակցութիւն և օժանակութիւն ցուցաբերելու համար Պրն. Թադէ Քարամեանը պարգևատրւել է Սերժ Սարգսեանի յատուկ պատւոգրով։
Երեկոն աւարտւեց պահպանիչով: