Համազգայինի ուսանողական 14-րդ հաւաքը արդէն սկսել է իր աշխատանքը Յուլիսի 13-ից Երեւանում, որտեղ իրար կողքի, մէկ յարկի տակ է հաւաքուել 11 երկրներից ժամանած 29 ուսանող-ուսանողուհիներ:
Կազմակերպող յանձնախմբի կողմից արդէն իսկ մշակուած ծրագիրը իր մէջ ամփոփում է դասախօսութիւններ, այցելութիւններ եւ ընկերային ու մշակութային ծրագրեր, որը մէկը միւսին լրացնելով, աւելի մեծ խանդավառութիւն, ոգեւորութիւն եւ կարեւորը մտերմութեան սերմն է ցանում հայ երիտասարդ-երիտասարդուհիների սրտերում:
Մինչ այժմ (Յուլիս 16-ը) խումբը հնարաւորութիւն է ունեցել գիտելիքներ քաղելու երկու դասախօսների տրուած բովանդակալից բացատրութիւններից:
Մեծ հիացմունք եւ հպարտութիւն են առաջացել մասնակցողների մօտ, մեր երկրի հոգեւոր, պատմական եւ մշակութային կոթողները, ինչպիսին են՝ Երեւանի Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, Գեղարդը, Գառնին, Մատենադարանը, Բագրատունեաց թագաւորութեան ժամանակաշրջանի կիսականգուն Ամբերդը եւ Երեւանի Պետական Համալսարանը:
Աննկարագրելի է Ֆորումականների յուզմունքը, Ծիծեռնակաբերդ այցելելիս, որտեղ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին եղեռնի բիւրաւոր նահատակների յիշատակին: Իսկ այցելելով Եռաբլուր, Արցախի ազատամարտիկների, Վազգէն Սարգսեանի եւ Սօսէ Մայրիկի շիրիմին, ելնում ենք այն հանգամանքին, որ պէտք է արդարացնել մեր հերոսների արեան գինը եւ պահպանել մեր հայրենի հողը: