
10 Դեկտեմբեր 2014-ին Համազգայինի Հայաստանի գրասենեակի մտաւորականների ակումբը անցկացրեց իր տարեվերջեան հանդիպումը:
Համազգայինի Հայաստանի գրասենեակում էին հաւաքուել Երեւանի Վ. Բրիւսովի անուան Լեզուահասարակագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանը եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը ներկայացնող ուսանողներ` հանդիպելու բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Հարենցին եւ «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր, բանաստեղծ Կարեն Անտաշեանին:
«Ժամանակակից հայ պոեզիա, թարգմանական լեզու, խնդիրներ եւ զարգացումներ» խորագրի ներքոյ էր զարգանում զրոյցը, քննարկուող հարցերի շրջանակը: Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեանը, ողջունելով ակումբի հիւրերին, ուսանողներին ներկայացրեց Էդուարդ Հարենցի եւ Կարէն Անտաշեանին` յոյս յայտնելով, որ այս հանդիպումը պոեզիայի տողը բացելու, հասկանալու, ստեղծագործողի եւ ընթերցողի փոխադարձ անկեղծութեան, անմիջական շփումի, գրողի շուրթերից բանաստեղծութիւն լսելու լաւագոյն առիթը կը հանդիսանայ:
Երիտասարդ բանաստեղծները ներկայացրին ժամանակակից հայ պոեզիան, խօսեցին թարգմանութեան, նրա ներկայ դրսեւորումների ուղղութեամբ իրենց մօտեցումների ու գնահատականների մասին: Կարէն Անտաշեանը, անդրադառնալով օրուան խորագրին, ընգծեց այն հանգամանքը, որ թարգմանութիւնը, ժամանակակից գրականութեան հետ համահաւասար, լեզուն կենդանի պահող, զարգացնող եւ ապրեցնող կարեւորագոյն գործիք է հանդիսանում: Էդուարդ Հարենցն էլ խօսեց թարգմանչի` լաւագոյն գրական աշխատանքը լաւագոյն թարգմանութեամբ ներկայացնելու ձգտման, այդ ճանապարհին առկայ մարտահրաւէրների մասին, ուսանողների հետ կիսուեց թարգմանութեան աշխարհում իր ունեցած փորձառութեամբ: Այնուհետեւ բանաստեղծները ընթերցեցին իրենց ստեղծագործութիւններից հատուածներ, որոնց շուրջ հետաքրքրական քննարկում ծաւալուեց:
Ակումբային հաւաքի աւարտը նշանաւորուեց մէկ այլ կարեւոր իրադարձութեամբ: Բարձր առաջադիմութիւն եւ գրական-ստեղծագործական ձիրք ունեցող հինգ ուսանողների, ովքեր ներկայացնում էին Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետները, յանձնուեց Համազգայինի արդէն աւանդոյթ դարձած «Յակոբ Կարապենց» կրթաթոշակ: Լիլիթ Գալստեանը, կրթաթոշակի արժանացած ուսանողներին եւ ներկաներին ուղղուած խօսքում յետահայց գնահատական տալով «Յ. Կարապենց» կրթաթոշակի տասներեք տարիների պատմութեանը, ուրախութեամբ եւ վստահօրէն արձանագրեց, որ կրթաթոշակառուների մեծ մասը այսօր թէ՛ գրականութեան մէջ, թէ՛ գրականագիտութեան եւ նաեւ լրագրութեան ասպարէզում ստորագրութիւն ունեցող երիտասարդներ են:
Այսպէս աւարտուեց Համազգայինի մտաւորականների ակումբի տարեվերջեան հաւաքը` հայ ժամանակակից գրականութիւն կարդալու, ճանաչելու եւ սիրելու նոր առիթ տալով երիտասարդ ակումբականների:
Համազգայինի Հայաստանի գրասենեակ
11 Դեկտեմբեր, 2014