
«Արեւի նման նայէք աշխարհին». Յովհաննէս Թումանեանի այս պատգամով սկսուեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի եւ Հայաստանի գրողների միութեան Լոռու մարզային բաժանմունքի համատեղ միջոցառումը՝ նուիրուած գիրք նուիրելու օրուան։ Միջոցառումը տեղի ունեցաւ Լոռու մարզային գրադարանում։
Բացման խօսքում ԳՄ բաժանմունքի նախագահ գրող Մանուէլ Միկոյեանը կարեւորելով օրուայ խորհուրդը շնորհակալութիւն յայտնեց Համազգայինին նման նախաձեռնութեան համար։
Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը ներկայացրեց բոլոր այն գրքերը, որոնք տպագրուել էին Համազգայինի նախաձեռնութեամբ եւ նիւթական միջոցներով։
«Գիրքը միայն գրողի հոգու հայելին չի, այն մեզ մօտեցնում է մեր անցեալին, պատկերանում է ներկայով եւ յոյս ու հաւատ ներշնչում ապագայի հանդէպ։ Մեր գրականութիւնն ու մշակոյթն է մեզ սովորեցնում չափանիշ դարձնել անանցանելի արժէքները, մեր մէջ ձեւաւորում իդեալ ունենալու գաղափարախօսութիւնը, առանց որի աղոտ կը լինի մեր անցնելիք ճանապարհը»,- իր ելոյթում ասաց Ռուզան Առաքելեանը։
Միջոցառմանը ներկայ էին նաեւ Վանաձորի պետական համալսարանի դասախօսները, ովքեր իրենց ելոյթներով կարեւորեցին Համազգայինի նախաձեռնութիւնը եւ օրուայ խորհուրդը։ Նրանք անդրադարձան այն հեղինակներին, որոնց հեղինակած գրքերը նուէր ստացան։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, Վանաձորի պետական համալսարանի դասախօս՝ Արմենուհի Կիւրեղեանը իր խօսքում ընթերցեց Թումանեանի խոսքերը, որոնք նոյնքան արդիական են որքան ամենայն հայոց բանաստեղծի ժամանակներում։
Միջոցառման վերջում բոլոր ներկաները նուէր ստացան Համազայինի տպագրած գրքերից։
Գրքի տօնին նուիրուած միջոցառման աւարտին դարձեալ վկայակոչուեցին անմահ Թումանեանի խօսքերը. «Արեւի նման նայէ՛ք աշխարհին»։
Յիրավի, արեւը ոչ միայն ջերմացնում է մարդկանց հոգիները, այլեւ հալեցնում է չար ու նենգ մտքերը։
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան Երեւանի գրասենեակ