
Համազգային հայ կրթական և մշակութային միութեան նախաձեռնութեամբ ս. թ. Ապրիլի 28-ին Հայաստանի նկարիչների միութեան ցուցասրահում տեղի ունեցաւ Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների «ԵՍ ԵՄ» խորագրով ցուցահանդէսի բացումը:
Ստեղծագործող նոր անուններ բացայայտելու, հայ կերպարուեստի լաւագոյն աւանդոյթները շարունակելու, տաղանդաւոր երիտասարդ ստեղծագործողների գեղարուեստական, գեղագիտական նոր որոնումներին ասպարէզ տալու նպատակով էր, որ Համազգային հայ կրթական և մշակութային միութիւնը նախաձեռնել էր «ԵՍ ԵՄ» խորագրով ցուցահանդէսի իրականացումը և համանուն պատկերագրքի ստեղծումը:
Համազգայինի շուրջ համախմբուած` Հայաստանի տարբեր անկիւնները ներկայացնող տասնեօթ երիտասարդ արուեստագէտներ, որոնցից իււրաքանչիւրը հանդէս է գալիս իր ստեղծագործական ներաշխարհով և տեսլականով` կերպարուեստի մեր լայնահուն ընթացքի մէջ իր տեղը գտնելու, աշխարհի հետ արուեստի մէկ` ընդհանրական լեզուով հաղորդակցուելու համարձակ միտումով:
Ցուցահանդէսի բացմանը ներկայ էին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, ՀՀ Մշակոյթի նախարարի տեղակալ Ներսէս Տէր- Վարդանեանը, Հայաստանի նկարիչների միութեան նախագահ Կարէն Աղամեանը, անուանի մտաւորականներ, երիտասարդ ստեղծագործողներ, արուեստասէրներ:
Բացման խօսքով հանդէս եկաւ Համազգայինի Հայաստանի գրասենեակի տնօրէն Նարէ Միքայէլեանը: Ողջունելով ներկաներին` նա շեշտեց, որ Համազգային հայ կրթական և մշակութային միութեան առաքելութեան մաս է կազմում երիտասարդ ստեղծագործողներին նեցուկ լինելը, իրենց տաղանդի դրսևորմանը խթան հանդիսանալն ու ասպարէզում առաջին քայլերին հաստատուն ընթացք հաղորդելը: Հենց այս նպատակով և առաքելութեամբ է, որ Համազգայինը ձեռնամուխ է եղել «ԵՍ ԵՄ» ցուցահանդէսի կազմակերպմանը և նոյնանուն պատկերագրքի ստեղծմանը: Նարէ Միքայէլեանը աւելացրեց նաև, որ ներկայացուած 17 արուեստագէտներն էլ ունեն միանգամայն տարբեր ստեղծագործական ձեռագիր և մտածողութիւն: Բայց նրանց բոլորին միաւորել է ազատ մտածելու, արուեստում նոր խօսք ասելու, գեղագիտական նոր հայեացք բերելու համարձակ միտումը և ձգտումը:
ՀՀ մշակոյթի նախարարի տեղակալ Ներսէս Տէր-Վարդանեանի համոզմամբ` նմանօրինակ նախաձեռնութիւնները ողջունելի են. «Մենք միջավայրերի կարիք ունենք, միջավայրեր, որոնք կը ձևաւորեն նոր մտքեր, համագործակցութեան նոր ձևեր: Ես շատ ուրախ եմ, որ կայ միջավայր, որտեղ մենք բացայայտում ենք նոր դէմքեր, անուններ, գործեր: Ամէն ինչ շատ գունագեղ է»:
Համազգային հայ կրթական և մշակութային միութեան նախաձեռնութիւնը և ներկայացուած արտիստներին ողջունեցին բացմանը ներկայ անուանի մտաւորականներ Ռոբերտ Էլիբեկեանը, Յաղթանակ Շահումեանը, Նիկոլ Աղաբաբեանը, Զաւէն Խաչիկեանը, Գերման Աւագեանը, Ռուբէն Բաբայեանը, գրող, քաղաքական-հասարակական գործիչ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղուան Վարդանեանը, արձակագիր Գուրգէն Խանջեանը, Արտաշէս Շահբազեանը և այլք:
Բացման արարողութեանը հետևեց ցուցահանդէսում ներկայացուած 17 արտիստների ստեղծագործութիւնները ամփոփող «ԵՍ ԵՄ» պատկերագրքի շնորհանդէսը:
«ԵՍ ԵՄ» ցուցահանդէսը արուեստասէրի համար բաց կը լինի մինչև ս. թ Մայիսի 4-ը:
3 Մայիս, 2017
Համազգայինի Հայաստանի գրասենեակ