
Բուն իմաստով մտաւորական է Լ. Շանթը, մի մարդ, որի միտքն աշխատում է հանրային եւ իմացական կեանքի խնդիրներ որոնելով,- գրում է մեծ մտաւորական Նիկոլ Աղբալեանը:
Անցեալ տարուան նոյեմբերին Լեւոն Շանթի 140-ամեակին նուիրուած գիտաժողով էր կազմակերպուել Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան (Համազգային) եւ Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ: Գիտաժողովի ժամանակ կարդացուել էին հետաքրքրական զեկուցումներ, որոնց միջոցով ճշդուել էին նոր մանրամասներ, հնչել իւրօրինակ մեկնաբանութիւններ, նորովի էր դիտարկուել հայ մտաւորականի գործունէութիւնը:
Լեւոն Շանթն այն վաւերական երեւոյթներից է, որոնց ներկայութիւնը, իմաստաւորումն ու գնահատումը մեր ազգային հաւաքական գիտակցութեան մէջ կենսական անհրաժեշտութիւն է,- ասաց «Համազգայինի նախագահ, ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:
Շանթի մասին ասում էին, թե նա ծնուել է արեւմտահայ, կրթուել` արեւելահայ, իսկ դաստիարակուել` եւրոպացի: Լինելով նշուած արժէքների կրողը` Շանթը կամուրջ է եղել արեւելահայ եւ արեւմտահայ իրականութիւնների միջեւ: Գիտաժողովին զեկուցումներով հանդէս եկած յարգելի անուններն ու զեկուցումների թեմաները վկայում են, որ Շանթը շարունակում է կամրջել ու մերձեցնել հայութեան երկու հատուածները,- նշեց գրքի կազմող եւ խմբագիր Լ. Գալստեանը:
Գիտաժողովում հնչած զեկուցումները մէկ ամփոփ գրքով լոյս են տեսել այս տարի` Համազգայինի կողմից: Գրքի շնորհանդէսը տեղի ունեցաւ ԵՊՀ բանասիրութեան ֆակուլտետում Հոկտեմբերի 29-ին: Նոյն օրը Համազգայինը տասը ուսանողի պարգեւատրեց Յակոբ Կարապենցի անուան կրթաթոշակով: Լիլիթ Գալստեանն ասաց, որ մտաւորական Յակոբ Կարապենցն իր մահից յետոյ կտակ է թողել Համազգայինին եւ խնդրել, որ դրա մի մասը յատկացուի կրթական ոլորտին:
Նշենք, որ կրթաթոշակակիրներից երկուսը պետական մանկավարժական համալսարանի բանասիրութեան ֆակուլտետից էին, իսկ ութը` ԵՊՀ ժուռնալիստիկայի եւ բանասիրութեան: Նրանք պարգեւտրուեցին բարձր առաջադիմութեան, հասարակական ակտիւութիւն ցուցաբերելու եւ ստեղծագործական գործունէութեամբ զբաղուելու համար:
Ա.Կ.
Յ. Գ. - «Համազգայինի կողմից Յակոբ Կարապենցի անուան կրթաթոշակի է արժանացել նաեւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող` մեր թղթակից Գեւոր• Ավչեանը, որին սրտանց շնորհաւորում ենք:
Երկիր