
Հոկտեմբերի 23-ին Համազգային կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակում ցուցահանդէսի բացում էր, որին ներկայ էին տարիքային անսովոր մեծ տարբերութեամբ այցելուներ: Պատճառը ցուցահանդէսին իրենց ստեղծագործութիւնները ներկայացրած պատանիներն էին, որոնց տարիքը տատանւում էր 7-ից մինչեւ 15-ը: Իսկ նրանց գործերը դիտելու էին եկել թէ՛ տարեկիցները` ընկերներ, համադասարանցիներ եւայլն, եւ թէ արուեստի սիրահար մեծերը:
Իսկ հիմա` ամէն ինչ հերթով: Մինաս Աւետիսեանի անուան գեղանկարչական դպրոցի սաները հանրութեան ուշադրութեանն էին ներկայացրել իրենց մանրանկարչական աշխատանքները: Դպրոցի տնօրէն Հովհաննէս Մեծ Գէորգեանը, շնորհակալութիւն յայտնելով Համազգայինի տնօրինութեանը հիւրընկալ ու սրտացաւ վերաբերմունքի եւ համագործակցութեան համար, ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ նշեց, որ դպրոցի սաների աշխատանքները ներկայացնում են հայկական մանրանկարչութեան բոլոր դպրոցները:
Համազգայինի երեւանեան գրասենեակի տնօրէն, Աժ պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր խօսքում կարեւորեց այն հոգեւոր լիցքերի նշանակութիւնը, որ ստանում են մանուկները հայ մանրանկարչութեանը առնչուելիս: Դրանցում մեր մշակոյթն է ու պատմութիւնը, եւ հաղորդակցուել հայկական այդ ինքնատիպ մշակոյթին` մանրանկարչական արուեստին, նշանակում է հաղորդակցուել ու կապուել ազգային արմատներին,- ասաց Լիլիթ Գալստեանը:
Չգիտենք` աշխարհում կա՞յ մէկ այլ ժողովուրդ, որը հոգեւոր ու աշխարհիկ արուեստների ներդաշնակուած այնպիսի մի սքանչելի տօն ունենայ, որպէսզին Թարգմանչաց տօնն է հայոց մէջ: Համազգայինի գրասենեակում բացուած մանրանկարչական աշխատանքների ցուցահանդէսն էլ նուիրուած էր Թարգմանչաց տօնին, եւ դա պատահական չէր, որովհետեւ միջնադարեան հայ մշակոյթի մէջ իր բացառիկ տեղը մանրանկարչութիւնը զբաղեցրել է առաջին հերթին հենց թարգմանչական արուեստի շնորհիւ` որպէս Աւետարանի նախշազարդման կերպ ու եղանակ:
Ցուցահանդէսին պատանիների ներկայացրած գործերն էլ բացառապէս աստուածաշնչեան թեմաներ էին ընդգրկում` «Աւետում» եւ «Խաչից իջեցում»« «Խորան» եւ «Խորհրդաւոր ընթրիք», «Պայծառակերպութիւն» եւ «Յարութիւն»:
Լիլիթ Գալստեանը շնորհակալութիւն յայտնեց Մինաս Աւետիսյանի գեղանկարչական դպրոցի ուսուցչուհի Լիանա Մարտիրոսեանին, ում համբերատար ու հոգատար վերաբերմունքի շնորհիւ հայ մանուկները ստեղծել են մանրանկարչական աշխատանքներ, որոնք ե՛ւ մանկական անմիջականութիւն են յուշում, ե՛ւ հասուն մօտեցումներ:
Դպրոցի տնօրինության ջանքերը դրուատեց նաեւ ցուցահանդէսի բացմանը ներկայ Գանատահայ արձակագիր Մար•ար Շարապխանեանը: Նա գոհունակութեամբ նշեց, որ երբ Երեւանում է լինում, յաճախ է առիթ ունենում լինել Համազգայինի գրասենեակում, եւ դրա պատճառը վերջինի արգասաբեր ու բազմաճիւղ գործունէութիւնն է` ցուցահանդէսներ ու համերգներ, գրքերի հրատարակումներ ու շնորհանդէսներ, հայ մեծերի յոբելեաններ:
Մինչ մեծաթիւ այցելուները դիտում էին հայ երեխաների հիանալի ստեղծագործութիւնները, իրենք` ցուցահանդէսի« մեղաւորները, նուէրներ էին ստանում: Լիլիթ Գալստեանը նրանց բոլորին նուիրեց Համազգայինի հրատարակած «18-33. արդի հայ արձակք» ժողովածուն, որում ընդգրկուած են այդ տարիքի հայ արձակագիրների ստեղծագործութիւնները:
Թէ Մինաս Աւետիսեանի անուան դպրոցի պատանիներից ու պարմանուհիներից քանիսը հետագայում նկարիչ կը դառնան` դժուար է ասել, բայց, որ նրանք բարձր գեղարուեստական ճաշակ ու ազգային ինքնագիտակցութիւն ունեցող լաւ հայորդիներ կը լինեն` կասկածից վեր է: Եթե սրան աւելացնենք նաեւ, որ մանրանկարչութեան հետ ամէնօրեայ հաղորդակցումը նրանց Աստուածաշնչի հետ շփման հնարաւորութիւն է տալիս, ուրեմն կարելի է ասել, որ երեխաները կը մեծանան որպէս հաւատաւոր ու բարու նկատմամբ նախանձախնդիր անհատներ:
Հ. Ե.
«Երկիր», Հոկտեմբեր 27, 2009