
«Երկիր».- Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը նախաձեռնել եւ վերահրատարակել է Վարդգէս Ահարոնեանի «Յովհաննէս Թումանեան. մարդը եւ բանաստեղծը» գիրքը, որի շնորհանդէսը տեղի ունեցաւ 21 Փետրուար 2019-ին` յայտնի դէմքերի, հասարակական գործիչների, ընթերցասէրների մասնակցութեամբ:
Բացման խօսքով հանդէս եկաւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցեանը: Նա բարձր գնահատեց գրքի մշակութային արժէքը եւ բարձրաձայնեց վերահրատարակելու անհրաժեշտութեան մասին:
Գիրքն առաջին անգամ է տպագրւում Հայաստանում: Որպէս յօդուածաշար՝ այն առաջին անգամ հրատարակուել է «Հայրենիք» ամսագրում 1936թ., ապա գրքի տեսքով` նոյն թուականին Բոստոնում։ Գրքի հեղինակը հասարակական գործիչ, իրաւաբան, մանկավարժ, գրող Վարդգէս Ահարոնեանն է` Առաջին հանրապետութեան նշանաւոր գործիչ Աւետիս Ահարոնեանի որդին։
«Գրքում հեղինակի ինքնատիպ նկարագրութիւններն են Թումանեանի ու ժամանակի նշանաւոր անհատների մասին: Համազգայինը չէր կարող անտարբեր անցնել Թումանեանի 150-ամեակի կողքով, մեր գրեթէ բոլոր կառոյցներում՝ Աւստրալիայից մինչեւ Արցախ, տարբեր միջոցառումների տեսքով նշւում է Թումանեանի 150-ամեակը։ Ուրախ եմ, որ Թումանեանը կարողացել է գոնէ այդ ճանապարհով համախմբել մեզ եւ դարձել է մեր այսօրուան թթխմորը։ Ես ակամայ յիշեցի Թումանեանի 100-ամեակի տօնակատարութիւնները, երբ ամբողջ Հայաստանը ոչ թէ մէկ օր, այլ ամբողջ տարին էր Թումանեանական յայտարարել։ Ամէն օր կարելի է Թումանեանի հետ քայլել, զրուցել, խօսել, մինչեւ անգամ՝ վիճել»,- նշեց Սպարտակ Ղարաբաղցեանը։