
2008 թ. Մարտի 19-ին պրոֆ. Վ. Սվազլեանը դասախօսել է Սան Ֆրանսիսքոյում, որտեղ ներկայացրել է Հայոց ցեղասպանութեան ականատես վերապրողների վկայութիւնների` յուշերի եւ երգերի վերաբերեալ իր կատարած ուսումնասիրութիւնները: Միջոցառման հովանաւորներն էին Սան Ֆրանսիսքոյի Հայ դատի գրասենեակը, Բերկլիի Կալիֆորնիա Համալսարանի Հայկական ուսումնասիրութիւնների ծրագիրը եւ Համազգայինի Հայկական մշակութային եւ կրթական ընկերութիւնը:
Փրոֆ. Վերժինէ Սվազլեանն աւելի քան 50 տարիների ընթացքում բառ առ բառ, պատառիկ առ պատառիկ գրառել, ձայնագրել, տեսագրել, ուսումնասիրել եւ հրատարակել է Պատմական Հայաստանի, Կիլիկիայի եւ Անատոլիայի շուրջ 100 տեղավայրերից բռնի տարագրուած, Հայաստանում եւ Սփիւռքում (Յունաստան, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Սիրիա, Լիբանան, Իրաք, Եգիպտոս, բալկանեան երկրներ, Թուրքիա) բնակութիւն հաստատած Հայոց ցեղասպանութեան ականատես վերապրողների հաղորդած ժողովրդական բանաւոր աւանդութեան տարաբնոյյթ նշխարները (10.000 միաւոր), փաստավաւերական վկայութիններն ու պատմական բնոյթի երգերը` հայերէն եւ թուրքալեզու (700 միաւոր), անհետ կորստից փրկելով եւ տարբեր լեզուներով ¥հայերէն, ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, թուրքերէն¤ աշխարհին ներկայացնելով հայ ժողովրդի պատմական հաւաքական յիշողութիւնը:
Վերժինէ Սվազլեան բանահաւաք, բանագէտ, ժողովրդագէտը ծնուել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, Հայոց ցեղասպանութիւնից մազապուրծ, գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլեանի ընտանիքում: Նախնական կրթութիւնը ստացել է տեղի հայկական Պօղոսեան ազգային վարժարանում, ապա նաեւ Անարատ Յղութեան հայ կոյսերի դպրոցում:
1947 թ. ծնողների հետ ներգաղթել է Հայաստան:
1956 թ. «Գերազանցութեամբ» աւարտել է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Պատմալեզուագրական բաժինը:
1955 թուականից անձնական նախաձեռնութեամբ սկսել է գրի առնել եւ անհետ կորստից փրկել Արեւմտահայաստանից, Կիլիկիայից եւ Անատոլիայից դէպի աշխարհի տարբեր երկրներ տարագրուած, ապա Հայաստան ներգաղթած հայրենադարձների զանազան բարբառներով հաղորդած բանահիւսական նշխարները, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութիւնից վերապրած ականատես-վկաների պատմած յուշերն ու պատմական բնոյթի երգերը:
1958 թուականից աշխատել է Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի Մանուկ Աբեղեանի անուան Գրականութեան ինստիտուտում:
1961 թուականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում, իսկ 1996-2004 թթ.՝ նաեւ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում:
1965 թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1995 թ.՝ դոկտորական թեզերը:
Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, ինչպէս նաեւ զեկուցել սփիւռքահայ գաղթօջախների տարբեր կազմակերպութիւններում ¥Ռուսաստան, Յունաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Թուրքիա¤՝ հանդէս գալով բանագիտութեանը, ժողովրդագիտութեանը, ցեղասպանագիտութեանը եւ Հայ Դատին առնչուող թեմաներով:
Հեղինակ է 200-ից աւելի գիտական հրատարակութիւնների, որոնք լոյս են տեսել Հայրենիքում եւ Սփիւռքում: