
Տարբեր տարիների Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Հայաստանի գրասենեակի նախաձեռնութեամբ կազմակերպուած գիտաժողովները նուիրուել են հայ իրականութեան, մտքի ու ժառանգութեան այս կամ այն երեւոյթին, այս կամ այն երախտաւորի գիտական արժեւորմանը։
Օրերս՝ 2013 Ապրիլի 5-ին եւ 6-ին տեղի ունեցած գիտաժողովը յաւակնում էր արդիական գրականագիտական չափանիշերով քննել ժամանակակից հայ արձակը, խօսել նրա զարգացման միտումների եւ հեռանկարների մասին։ Ինչպէս եւ նախորդների դէպքում, այս անգամ էլ Համազգայինի գործընկերը Երեւանի պետական համալսարանն էր՝ գիտական կրթական մայր կառոյց, որի հետ Համազգայինի հարազատութեան ակունքներում Նիկոլ Աղբալեանն է։
Կազմակերպելով այս գիտաժողովը` Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը նպատակ ունէր ոչ միայն խթանել ժամանակակից գրականութեան ճանաչողականութիւնը, այլ նաեւ նրա վրայ բեւեռել ժամանակակից ակադեմիական միտքը: Մեր իրականութեան մէջ գրականութեան կենսական դաշտի լայնացումը նաեւ ունի ոչ միայն հոգեւոր, հանրային, այլեւ քաղաքական ու քաղաքացիական նշանակութիւն։
Գիտաժողովի երկու օրերի ընթացքում զեկուցումներով հանդէս եկան շուրջ 22 գիտնականներ, բանասէրներ Հայաստանից եւ Սփիւռքից, որոնք անդրադարձան ժամանակակից հայ իրականութեան եւ արձակի յարաբերութիւններին, նրա զարգացման ուղղութիւններին եւ հիմնական միտումներին (Դաւիթ Գասպարեան`Ժամանակակից իրականութիւնը եւ ժամանակակից արձակը, Յակոբ Պալեան` Սփիւռքահայ արձակ. խնդիրներ, Վահրամ Դանիէլեան` Վարկածներ վէպի մասին, Հայկ Համբարձումեան`Հօր բացակայութեան թեման արդի հայ արձակում, Սուրէն Դանիէլեանը` Փիլիսոփայական ուղղութիւնները սփիւռքահայ արձակում, Արքմենիկ Նիկողոսեանը` Արդի հայ արձակը քննադատութեան գնահատմամբ, Ժենիա Քալանթարեան`Համադրականութիւնը արդի հայ արձակում) եւ ուրիշներ:
Գրականագէտներից ոմանք իրենց ուսումնասիրութիւնը նուիրել էին ժամանակակից հեղինակների գործերի վերլուծութեանը կամ նրանց աշխարհատեսութեանը։ Գիտաժողովի երկրորդ օրը աշխատանքները շարունակուեցին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը։ Ծաղկաձորեան զեկուցումներին հետեւեց բուռն բանավէճ-քննարկում, կարծիքների, առաջարկութիւնների եւ դիտողութիւնների փոխանակում:
Գիտաժողովին ներկայացուած բոլոր 22 զեկուցումները Համազգայինի կողմից կ՚ամփոփուեն եւ ընթերցողին կը ներկայանան առանձին ժողովածուով: