
«Սիրեցէք զիրար, շատ սիրեցէք, որպէսզի ապրէք»
ԿՈՄԻՏԱՍ
20 Սեպտեմբեր 2019-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ «Ծիրանավառ գիշերների օրօրը» խորագրով համերգային երեկոն՝ նուիրուած Կոմիտասի ծննդեան 150-ամեակին։
Ծրագրում ներկայացուեցին Կոմիտասի, Բարսեղ Կանաչեանի եւ Նիկոլ Գալանտերեանի ստեղծագործութիւններից։ Հանդէս եկան օպերային երգիչներ Նարինէ Անանիկեանը, Դիանա Յարութիւնեանը, Անդրանիկ Մալխասեանը եւ Յովհաննէս Անդրէասեանը։ Համերգային երեկոյի կոնցերտմայստերն էր Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսեանը։
Յոբելեանական հանդիսութեան մեկնարկին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթեւիկ Շախկուլեանի կողմից ներկայացուեց կոմիտասեան ժառանգութեան մասին զեկոյց։
Կոմիտասեան գործերի կողքին Կոմիտասի աշակերտների՝ Բարսեղ Կանաչեանի եւ Նիկոլ Գալանտերեանի ստեղծագործութիւնների մատուցումը իւրատեսակ նախաձեռնութիւն էր յոբելեանական միջոցառումների շրջանակում, քանի որ երկու կոմպոզիտորներն էլ աշակերտել են Կոմիտասին եւ նրան համարել հայ երգի ու երաժշտութեան գագաթը՝ մշտապէս ոգեշնչուած լինելով կոմիտասեան հանճարով։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակ
23 Սեպտեմբերի 2019 թ