
Արդէն աւանդական է դարձել Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Աւստրալիայի Արշակ եւ Սոֆի Գոլստըն Ճեմարանի աշակերտների այցելութիւնը մայր հայրենիք: Այս տարի եւս շուրջ 15 աշակերտներ Ճեմարանի տնօրէն Էտի Տեմիրճեանի, ուսուցիչների եւ ծնողների ուղեկցութեամբ 17-օրեայ ծրագրով այցելեցին Հայաստան եւ Արցախ:
Ճեմարանականների այցը մշակութային եւ ճանաչողական նպատակներ էր հետապնդում: 2014 Սեպտեմբերի 18-ին աշակերտները եղան ՀՀ Ազգային ժողովում, ուր նրանց ողջունեց ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեանը, իսկ երիտասարդական խորհրդարանի մի քանի ներկայացուցիչներ ճեմարանականներին ներկայացրին խորհրդարանի աշխատանքները:
Սեպտեմբեր 30-ին ճեմարանականները այցելեցին ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, ուր նրանց հիւրընկալեց Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը։ Ողջունելով Գոլստըն Ճեմարանի աշակերտներին` նախարարը բարձր գնահատեց հեռաւոր մայրցամաքում դպրոցի ծաւալած հայապահպան աննախադէպ գործունէութիւնը: Հանդիպման աւարտին Ճեմարանի սաները ծանօթացան Սփիւռքի նախարարութեան թանգարանին եւ նուէր ստացան Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը խորհրդանշող «Անմոռուկ» կրծքանշաններ:
Հայաստանում կրթութիւն ստանալու հնարաւորութիւններին ծանօթանալու նպատակով ճեմարանականները այցելեցին Հայաստանի Ամերիկեան համալսարան, հիւրընկալուեցին «Այբ» կրթական համալիրում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում` ծանոօթանալով կենտրոնի ծրագրերին եւ կատարուած աշխատանքներին, եղան Հայկական վիրտուալ համալսարանում:
Հոկտեմբերի 1-ին, ճեմարանական մի քանի սաներ, տնօրէն Էտի Տեմիրճեանը եւ Համազգայինի Հայաստանի գրասենեակի ներկայացուցիչ Նարէ Միքայէլեանը մասնակցեցին «Երկիր Մետիա» հեռուստաընկերութեան «Երկրի առաւօտը» ծրագրին, որի ժամանակ աշակերտները հեռուստադիտողի հետ կիսուեցին Հայրենիք իրենց այցելութեան տպաւորութիւններով, խօսուեց Գոլստըն Ճեմարանի յառաջիկայ ծրագրերի մասին, անդրադարձ եղաւ նաև Համազգայինի Հայաստանի գրասենեակի գործունէութեանը:
Գոլստըն Ճեմարանի սաների համար ոգեշնչման մեծ առիթ հանդիսացաւ հայկական երկրորդ հանրապետութիւն`Արցախ այցելութիւնը. եռօրեայ այս այցի ընթացքում աշակերտները եղան Արցախի զինուած ուժերի զօրամասում, հիւրընկալուեցին Ստեփանակերտի Սօսէ Մայրիկի անուան դպրոցում, այցելեցին պատմական Շուշի, Գանձասար, Տիգրանակերտ, Ասկերանը եւայլն:
Արդէն Երեւանում ճեմարանականները առիթ ունեցան ներկայ լինելու մշակութային միջոցառումների՝ դիտելով Տ. Չուխաճեանի «Կարինէ» օպերետը եւ մասնակցելով «Գութան» ազգագրական երգի ու պարի փառատօնին:
Հայաստանից ճեմարանականները հեռացան հայրենիքով լիցքաւորուած եւ կրկին վերադառնալու համոզումով ու սպասումով:
Նարէ Միքայէլեան
Համազգայինի Հայաստանի գրասենեակ