
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան գրասենեակում, 7 Մայիսին ներկայացուեց Նոբելեան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի «Ձիւնը» վէպի հայերէն հրատարակութիւնը:
Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրէն Լիլիթ Գալստեանի խօսքով` «Ձիւնը» վէպն առաւել քան արդիական է այսօր հայ-թուրքական յարաբերութիւնների համատեքստում, որտեղ «այդ երկու գոյականները միմեանցից բաժանող մէկ գծիկի մէջ կայ ե°ւ տառապանք, ե°ւ անհանգստութիւն, ե°ւ մտահոգութիւն, ե°ւ ցաւ, ե°ւ Ցեղասպանութեան ողբերգութեան գիտակցում»:
Լ. Գալստեանը նշեց, որ վէպը թարգմանելու համար անհրաժեշտ էր ունենալ հեղինակի համաձայնութիւնը. ինքը շատ տպաւորուած է եղել, երբ Օ. Փամուքն իմանալով, որ իր գիրքը պէտք է հրատարակուի հայերէն, հրաժարուել է հոնորարից: Առաւել կարեւորուել է այն, որ «Ձիւնը» լոյս տեսնի Հայաստանում եւ կարեւոր քայլ հանդիսանայ հայ եւ թուրք ժողովուրդների ինքնըմբռնման որոնումներում: «Թանկ նստեց Օ. Փամուքի վրայ այս գիրքը. վտարանդի դառնալով` նա այժմ ստիպուած է ապրել Բոստոնում: Սակայն համոզուած եմ, որ նրա պէս մարդկանց խիզախումներն են հնարաւորություն ընձեռում երկու հասարակութիւններին ակտիւ երկխօսութիւն ծաւալելու: Հայ եւ թուրք հասարկութիւնների միջեւ ընկած այդ մէկ գծիկի մէջ չապաքինուող եւ զօրացնող վէրք կայ, որի ցաւը սպիանալու դէպքում անգամ մենք զգալու ենք: Փամուքի նման մեծերի շնորհիւ է, որ այդ ցաւը դառնում է տանելի»,- ասաց Լ. Գալստեանը:
Նա յիշեց նաեւ Օ. Փամուքի այն արտայայտությունը, որ իրենք «մէկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ են սպաննել»: Դրանով գրողը դասուեց այն փոքրաքանակ թուրք մտաւորականների շարքին, ովքեր իրենց ազգակիցներին հասկացրեցին, որ Թուրքիայի աշխարհիկ երկիր դառնալու միակ ճանապարհը սեփական պատմութեան հետ առերեսումն է:
Արձակագիր Ռուբէն Յովսէփեանի խօսքով` «Ձիւնը» վէպը միայն մաքուր գեղարուեստական գիրք չէ: Հենց ձեան տակից է, որ աւելի պարզորոշ են երեւում սեւ կէտերը` պատմութիւնը, աւերուած շէնքերը:
«Ձիւնը» վէպը բազմաճիւղ սիւժետային կառուցուածքով եւ պարզ շարադրանքով դասական վէպ է, որը բացայայտում է ասիական միջնադարի օրէնքներով եւ կենցաղով ապրող ժամանակակից թուրք հասարակութեան պատկերը` հիւսուած անմարդկային, դաժան բարքերով, մատնութիւններով եւ արիւնով: Վէպի գործողութիւնները ծաւալւում են երբեմնի հայկական Կարս քաղաքում: Ճշմարտութեան որոնումը հերոսին` թուրք վտարանդի բանաստեղծին բերում է խաւարի եւ ձեան մեջ թաղուած Կարս: Վէպը ռուսերէնից թարգմանել է Յակոբ Սողոմոնեանը` թուրքերէնից ուղղացի համեմատութեամբ:
Գիրքը հրատարակուել է 1000 օրինակ արեւելահայերէնով եւ 500 օրինակ էլ պէտք է հրատարակուի Լիբանանում դասական ուղղագրութեամբ:
Օ. Փամուքը ծնուել է 1952 թուականին Ստամբուլում: Թարգմանուել է աւելի քան 40 լեզուներով, արժանացել մի շարք միջազգային մրցանակների: Նա գրական աշխարհ է մտել 1979 թուականին` «Ջնդեթ բեյը եւ նրա որդիները» վիպակով, որին յաջորդել են «Խաղաղ տունը», «Սեւ գիրք», «Նոր կեանք», «Անունս Կարմիր է», «Ստամբուլ», «Անմեղութեան թանգարան» վէպերը: 2006 թուականին «Ձիւնը» վէպի համար Օ. Փամուքն արժանացել է Նոբելյան մրցանակի:
ԱՐՄԵՆՊՐԵՍ