
Համազգայինի Հայաստանի գրասենեակի երիտասարդ մտաւորականների ակումբի հերթական հաւաքը ՀՅԴ Արամ Մանուկեան կենտրոնում էր։ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնները ներկայացնող երիտասարդների, Կարապենց կրթաթոշակառուներին եւ առհասարակ լայն շրջանակների ներկայացուելու էր Արթուր Բախտամեանի «Հապեշական օրագիր» փաստավաւերագրական ֆիլմը:
Ֆիլմը պատմում է աֆրիկեան հեռաւոր այս երկրի՝ Եթովպիայի մասին, ուր հայկական հետքը դարերի պատմութիւն ունի։ Երբեմնի հզօր հայկական այս համայնքը, որն այսօր ընդամէնը 80 հոգուց է բաղկացած, մեծ ազդեցութիւն է թողել այդ երկրի մշակութային, հոգեւոր ու տնտեսական զարգացման վրայ։
Մինչ ֆիլմի ցուցադրութիւնը երիտասարդներին ողջունեց Համազգայինի հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեանը: Ներկայացնելով ֆիլմի հեղինակին` նա նշեց, որ մշակոյթի, պատմութեան յայտնի եւ անյայտ էջերի բացայայտմանն ու քննման են նուիրուած ակումբային հանդիպումները եւ յոյս յայտնեց, որ «Հապեշական օրագիր» ֆիլմը հայաճանաչողութեան ճանապարհին նոր բացայայտումների եւ մտածումների առիթ պիտի տայ:
Ֆիլմի հեղինակ յայտնի հեռուստահաղորդավար, «Հայոց հարցը» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, ռեժիսոր Արթուր Բախտամեանն էլ իր հերթին ողջունելով ներկաներին` նշեց, որ ֆիլմը ծնուել է երկարատեւ հետազօտութիւնների, ուսումնասիրութիւնների արդիւնքում, ինչը դրդել է ճանաչել տալ ու հանրութեանը ներկայացնել պիպլիական այն ովասիսը, որտեղ հայերը եթովպացիների համար օտար չեն, եւ եթովպացիները՝ հայերի:
Ֆիլմի դիտումից յետոյ ծաւալուած քննարկման ընթացքում ներկաները փոխանցեցին իրենց տպաւորութիւնները, եղան բազմաթիւ հարցեր՝ ուղղուած հեղինակին: «Հապեշական օրագիր» ֆիլմի դիտումից ներկաները հեռացան իրենց հետ տանելով աղքատութեան մեջ երջանիկ լինելու, անցեալը առասպել չդարձնելու եւ բնութեան հետ ներդաշնակ լինելու ուղերձը: Ինչպէս նաեւ հերթական առիթն ունեցան հպարտանալու հայկական հոգեւոր մշակութային ժառանգութեան աշխարհագրութեամբ, որ գրեթէ սահմաններ չի ճանաչում:
Նարէ Միքայէլեան
Համազգայինի Հայաստանի գրասենեակ