
«Ազատ Օր».- «Նայիրի» (Զէվղոլաթիօ)
Յունիսի 17-18ը «Զէվղոլաթիոյի հոգեւոր տանիք» պարի եւ երաժշտութեան 27-րդ միջազգային «Էլէն Լիմիատի» փառատօնին մասնակցեց Համազգայինի «Նայիրի» պարախումբը։
Յունիսի 17-ի առաւօտեան մասնակիցները ճամբայ ելան դէպի Կորնթոսի Զէվղոլաթիօ գիւղը՝ աւանդական իրենց մասնակցութիւնը բերելու փառատօնին։ Երեկոյեան, «Բրահամի» փակ մարզասրահում, տեղի ունեցաւ ներկայացումը, որտեղ «Նայիրի»ն հանդէս եկաւ չորս պարերով՝ «Շալախօ», «Մոկաց հարսներ», «Շիրակի», «Արցախ»։ Փառատօնին մասնակցում էին նաեւ Վրաստանի «Կովկաս» մշակութային կեդրոնը եւ տեղական միութենական խումբեր։ Իբրեւ հայկական մշակոյթի դեսպան սփիւռքում, Համազգայինի «Նայիրի» պարախումբը մեծ խանդավառութեամբ եւս մէկ բեմում, նոր շնչով ու առաքելությամբ ներկայացրեց հայկական պարը, երաժշտութիւնը, աւանդոյթները Զէվղոլաթիոյի պարի եւ երաժշտութեան 27-րդ միջազգային փառատօնի ջերմ մթնոլորտի մէջ։
«Նանոր» (Փրեվեզա)
Հայաստանի ու Արցախի շողշողացող դրօշների ներքոյ Համազգայինի «Նանոր» պարախումբը երկու օր շարունակ հայկական պարն ու մշակոյթը ներկայացրեց Յունաստանի Փրեվեզա քաղաքի «ԱՅԼԱ» պարի եւ մշակոյթի 20-րդ միջազգային փառատօնի շրջանակներում։
Ծովեզերեայ քաղաքի կեդրոնի նրբանցքներով, զբօսաշրջային վայրերով մասնակից հինգ երկրների կողքին թեւածում էր հայկական պարն ու մշակոյթը՝ արժանանալով տեղացիների եւ զբօսաշրջիկների հիացմունքին։