
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ Նոյեմբերի 4-ին, Հայաստանի գրողների միութեան մեծ դահլիճում տեղի ունեցաւ յուշ-ցերեկոյթ նուիրուած սփիւռքահայ անուանի մտաւորական, գրող Յակոբ Կարապենցի ծննդեան 85 ամեակին։
Միջոցառմանը ներկայ էին անուանի գրողներ, գրականագէտներ, Յ. Կարապենցի անուան Համազգայինի տարբեր տարիների կրթաթոշակառուները, Յ. Կարապենցի անունը կրող թիւ 6-րդ դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտները եւ մի շարք այլ հիւրեր:
Բացման խօսքով հանդէս եկաւ գրողների միութեան նախագահ Լ. Անանեանը ` արժեւորեց սփիւռքահայ գրականութեան ներկայացուցիչների շարքում Յակոբ Կարապենցնի ուրոյն տեղը: Խօսելով անցած դարի 60-80-ականների Սփիւռքի եւ հայ գրականութեան շրջագծի մասին, բանախօսը եզրակացրեց` Կարապենցի տեղը բացայայտ է:
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադրամի նախագահ Լ. Գալստեանն իր խօսքում նշեց. «Թէեւ Կարապենցի տունը Ամերիկան էր, բայց նրա ինքնութիւնը եղել է հայութիւնը, հարազատ է մնացել հայ լեզուին ու ազգային «բարդոյթին»։
Կարօտների ու որոնումների ճանապարհ անցած, սփիւռքահայ մտաւորականի ու գրողի անխուսափելի երկուութիւն ու ինչու չէ ողբերգութիւն արած, նրբագոյն ու մտաւորական էութիւն ու գրիչ ունեցող անհատականութիւն էր Յակոբ Կարապենցը:
Կարապենցը կեանքից հեռացաւ՝ իր հետ տանելով Հայաստանում ապրելու,Հայաստանում ծառ տնկելու երազանքը, իր մէջ կրելով սեփական ժողովրդի արեւոտ օրերի ու յաղթանակների մասնակիցը լինելու թրթիռը։
Այսօր Կարապենցները հայրենիքում են, կարծում եմ այս համոզումն ունէք նաեւ դուք։ Նրանք հայրենիքում են, որովհետեւ հայրենիքում է նրանց գրականութիւնը, այստեղ է նրանց ընթերցողը, նրանց արժեւորող ու մեր մշակութային ժառանգութեան անօտարելի մաս դարձնող գրականագէտը, բանասէրը, այն դպրոցը, որ իր անունն է կրում, շուրջ 50 շնորհալի եւ տաղանդաւոր երիտասարդներ, որ Կարապենց կրթաթոշակառուներ են»:
Կարապենց մարդու եւ նրա գրական վաստակի մասին խօսք ասացին ՀՀ ԳԱԱ գրականութեան ինստիտուտի տնօրէն Աւիկ Իսահակեանը, գրողներ Գրիգոր Ջանիկեանը, Արեւշատ Աւագեանը, Արտեմ Յարութիւնեանը, Մարգար Շարապխանեանը:
Ցերեկոյթին իրենց մասնակցութիւնն էին բերել նաեւ Յ. Կարապենցի անուան թիւ 6-րդ դպրոցի աշակերտները` հատուածներ ներկայացնելով Կարապենցի ստեղծագործութիւններից :
Ձեռնարկի համերգային մասում հնչեցին Կոմիտասի երգերը Սեյրան Աւագեանի եւ «Գուսան» երգչախմբի կատարմամբ: