
14 Յուլիսին Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Հայաստանի գրասենեակում տեղի ունեցաւ «Յակոբ Կարապենցե կրթաթոշակի յանձնման արարողութիւնը: Միջոցառմանը ներկայ էին ԵՊՀ բանասիրութեան ֆակուլտետի դեկանի տեղակալ Արտաշէս Սարգսեանը, մայրաքաղաքի երեք Բուհերը ներկայացնող՝ ԵՊՀ, ՀՊՄՀ, ԵՊԼՀ, 2009-2010 ուս. տարուան կրթաթոշակառուները:
Համազգային հիմնադրամի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Լ. Գալստեանն իր բացման խօսքում ողջունեց կրթաթոշակառուներին եւ նշեց, որ երբ հիմա յետադարձ հայեացք է նետում անցնող 11 տարիներին եւ նայում, թէ կրթաթոշակի արժանացած երիտասարդները ինչ ճանապարհ են անցել, ամենայն վստահութեամբ կարող է ասել, որ նրանք արդէն իրապէս իրենց յաւակնութեան մէջ արդարացուած են եւ մեր կրթաթոշակառուների մեծ մասը այսօր թէ՛ գրականութեան մէջ, թէ՛ գրականագիտութեան եւ նաեւ լրագրութեան ասպարէզում ստորագրութիւն ունեցող երիտասարդներ են:
Կրթաթոշակառուներին ողջունեց նաեւ ԵՊՀ բանասիրութեան ֆակուլտետի դեկանի տեղակալ Արտաշէս Սարգսեանը:
Կրթաթոշակի արժանացած ԵՊՀ բանասիրութեան ֆակուլտետի ուսանողուհի Աստղիկ Արեւշատեանն իր խօսքում նշեց, որ այս կրթաթոշակը շատ անսպասելի էր, որովհետեւ մեր ժամանակներում կարծես թէ չի գնահատւում ստեղծագործութիւնը, չի գնահատւում գրականութիւնը, մշակոյթը, արուեստը, նոր ծիլերին չեն նկատում, եւ որ շատ շնորհակալ է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեանը նման բարձր գնահատականի համար:
Այս տարի Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան «Յակոբ Կարապենցե կրթաթոշակներ յանձնուեցին ԵՊՀ բանասիրութեան եւ ժուրնալիստիկայի, ՀՊՄՀ բանասիրութեան եւ ԵՊԼՀ լեզուաբանութիւն ֆակուլտետներում սովորող 12 լաւագոյն ուսանողների: